Նախնական զննությամբ պարզվել է, որ օրեր առաջ կենդանաբանական այգում սատկած կոկորդիլոսը խրոնիկ հիվանդություն է ունեցել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Հիշեցնենք, օրեր առաջ էլ գրանցվել էր Կենդանաբանական այգու միակ զեբրի անկումը։ Այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հայտարարել էր, որ զեբրին թունավորել են: Լաբորատոր հետազոտության տվյալներով, զեբրը սատկել էր մկնդեղով թունավորվելու հետևանքով:
«Ազատության» հարցին, թե արդյո՞ք կոկորդիլոսի անկման դեպքում դիտավորություն չի եղել, այգու տնօրենն ասաց, որ այս պահին դեռ ոչինչ չեն կարող ասել, քանի որ սպասում են լաբորատոր փորձաքննության վերջնական պատասխանին. - «Նախնական զննման արդյունքում պարզ է դարձել, որ կոկորդիլոսը 10 տարուց ավել խրոնիկ հիվանդություն ուներ, որը նույնիսկ իմ տնօրեն լինելուց առաջ է սկսվել։ Կա մի շատ կարևոր խնդիր, որ մենք մոռանում ենք` վերջին 7 տարիներին մեր ձեռքերը և ոտքերը կապված են եղել Երևանի քաղաքապետարանի բյուրոկրատիկ ցանցի մեջ, որովհետև յուրաքանչյուր կենդանու փոխանակում, յուրաքանչյուր կենդանու շարժ պետք է հաստատվեր ավագանու որոշումով։ Սա թույլ չի տվել, որպեսզի մենք կարողանանք թարմացնել մեր ներկայիս կոլեկցիան Կենդանաբանական այգում։։ Ես ավելի քան վստահ եմ, որ հիմա՝ նոր քաղաքապետարանի աշխատանքի, նոր ադմինիստրացիայի շնորհիվ, հնարավորություն կունենանք ձերբազատվել այդ բյուրոկրատիկ կապանքներից, որպեսզի կենդանաբանական այգին, ինչպես բոլոր մնացած նորմալ Կենդանաբանական այգիները, իրենք որոշեն, թե որ կենդանուն պետք է պահեն, որին ուղարկեն, որպեսզի ունենանք առողջ կոլեկցիա կենդանիների», - ասաց այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Կենդանաբանական այգու շուրջ վերջերս տարածված մեծ աղմուկը, սակայն, խոչընդոտ չի դարձել, որպեսզի այգին շարունակի իր բնականոն հունով աշխատանքը։ Ռուբեն Խաչատրյանն ասաց՝ հաջորդ տարի կենդանաբանական այգին կունենա նոր կենդանիներ. - «Անակնկալ բոլորին՝ մյուս տարի ամեն ինչ անելու ենք, որ մեր հանրությունը հնարավորութուն ունենա իրենց երեխաների հետ այցելել կենդանաբանական այգի և տեսնել զեբրերի, ընձուղտների մեծ խմբի»,- իր խոսքը եզրափակեց կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։