Հանրայինի ուղիղ եթերով բոլոր 11 ուժերի առաջին դեմքերի հեռուստաբանավեճ կանցկացվի

Հանրային հեռուստաընկերությունից փոխանցում են՝ ԱԺ արտահերթ ընտրություններում առաջադրված բոլոր 11 ուժերի առաջին համարները համաձայնել են մասնակցել դեկտեմբերի 5-ին ծրագրվող նախընտրական հեռուստաբանավեճին: Այս պահին ճշտվում են բանավեճի ձևաչափի հետ կապված որոշ հարցեր, որոնք բարձրացրել են կուսակցությունները։

Հանրայինի փոխանցմամբ՝ քարոզարշավի նախավերջին օրը նախատեսված բանավեճը կանցկացվի ուղիղ եթերում, կտևի 2.5-3 ժամ: Մոդերատորները կլինեն հեռուստաընկերության երկու հաղորդավարները՝ Արմեն Դուլյանն ու Քրիստինե Մելքոնյանը։

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը անտրամաբանական էր համարել դեմ առ դեմ հանդիպելու՝ ՀՀԿ-ի առաջին համար Վիգեն Սարգսյանի առաջարկը՝ նախընտրելով բանավեճի գնալ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի ներկայացուցիչների հետ։

Հանրապետական Արմեն Աշոտյանի խոսքով Վիգեն Սարգսյանը իր ասելիքը դեկտեմբերի 5-ին կասի: - «Նիկոլ Փաշինյանը իր ողջ քարոզչությունը կառուցել է բացառապես հակադարձելով և քննադատելով մեզ։ Մենք ճիշտ էինք համարում, որպեսզի նաև առանձին բանավեճ կայանար Վիգեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև։ Ցավոք Նիկոլ Փաշինյանը կայացրեց ճիշտ որոշում՝ հրաժարվեց Վիգենի հետ բանավեճից, որովհետև ջախջախվելու էր և պարտվեր։ Մենք պատրաստված ենք գնալու այդ բանավեճին, մեր ասելիքը ասելու, մեր քննադատությունը ուղղելու, Նիկոլ Փաշինյանի տարածած ստերն այս ընթացքում բացահայտելու հանրության առջև», - նշեց Աշոտյանը։

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը ղեկավարող տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հանրապետականներին խորհուրդ տվեց չգերագնահատել իրենց․ - «Մենք քաղաքական հանգուցյալներից չենք վախենում։ Իրենք փորձում են նշաձող սահմանել, որ իրենց համար բանավեճի սուբյեկտ կարող է հանդիսանալ միայն Նիկոլ Փաշինյանը, տարբեր ամպագոռգոռ հայտարարություններ ու արտահայտություններ են անում: Ես խորհուրդ կտամ մեր գործընկերներին, որ մի փոքր լեքսիկայի մեջ զգույշ լինեն»:

«Մենք» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը կարծում է, որ դեկտեմբերի 5-ից հետո կերևա՝ բանավեճը կայացավ, թե երկու ուժի միջև կռիվ դարձավ։

«Հանրապետականը փորձառու լինելով ՔՊ-ին քաշում է այդ կռվի մեջ, ՔՊ-ն էլ գնում է այդ կռվին, որը իմ կարծիքով, ճիշտ չի անում։ Ընդհանրապես այդ բանավեճի ժամանակ ներկաներից որևէ մեկը Հանրապետականին հարց չպետք է ունենա, նրա ասածին որևէ արձագանք չպետք է անի։ Բանավեճը պետք է լինի մեր մեջ, առանց Հանրապետականի։ Եթե այդպես չեն անի, ուրեմն քաղաքականությունը վատ գիտեն», - ընդգծեց Արամ Սարգսյանը։

Չնայած Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց՝ իրենք հաստատել են Ծառուկյանի մասնակցությունը, բայց ինքը՝ կուսակցության ղեկավարն այսօր իր գնալ-չգնալը պայմանավորել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ: - «Ես ձեզ ասեմ ավելի անկեղծ, եթե պարոն վարչապետը մասնակցեց կմասնակցեմ, եթե չմասնակցեց՝ մասնակցելու բան չունեմ։ Իմ ասելիքը ես ամեն օր ասում եմ», - նշեց Ծառուկյանը։

Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը բանավեճի կայացման համար էական համարեց Փաշինյանի մասնակցությունը. - «Ես կարծում եմ, որ դա առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությունն է՝ մասնակցել հենց ասաջին դեմքով բանավեճին։ Իր վստահությունը իր ուժերի մեջ շատ կարևոր է, որովհետև եթե առաջին դեմքը խուսափում է կամ դնում է այնպիսի պայմաններ, որոնք ընդունելի չեն մյուսների համար, դա, իհարկե, խանգարում է բուն այդ ինստիտուտի կայացմանը»։

Հայաստանում միակ նախընտրական բանավեճը կայացել է 2003 թվականին՝ ընտրությունների երկրորդ փուլից առաջ նախագահի թեկնածուներ Ռոբերտ Քոչարյանի և Ստեփան Դեմիրճյանի միջև: ԵՄԱ-ի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ 2003-ին տեղի ունեցածը բանավեճ չէր, այդ ժամանակվա իշխանությունները Ռոբերտ Քոչարյանի մրցակցի նկատմամբ օգտագործեցին իրենց ձեռքի տակ եղած գործիքը՝ պետական հեռուստաընկերությունը: Այսօր Նավասարդյանը տեսնում է բանավեճի մշակույթի հաստատման փորձեր: Ակնկալում է, որ առաջին դեմքերի բանավեճը ստացված կլինի:

«Չեմ կարող ասել, որ բոլոր 11-ը հետաքրքիր են լինելու հեռուստալսարանի համար, բայց որոշ դեմքեր ասելիք կունենան և կարծում եմ, որ բոլորը շատ լուրջ պտրաստվում են։ Ավելին ասեմ՝ ես կարծում եմ, որ այդ բանավեճը կարող է բավականին լուրջ ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա», - ասաց Բորիս Նավասարդյանը։