Վարչապետի խորհրդական․ Անցումային արդարադատության միջոցով վերադարձվելիք գումարը կարող է հավասարվել պետական բյուջեին

Պետությանը գույքի նվիրատվություն կատարելու մասին գրավոր առաջարկով դիմել են միայն գեներալ Մանվել Գրիգորյանը և Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանը:

Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ հավելելով, որ նվիրատվությունները դեռևս չեն ընդունվել և նման գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է կառավարության որոշում:

«Իրենք նամակ են գրել, բայց կառավարությունը պետք է դիրքորոշում հայտնի, այդ թվում նաև դատախազությունը իր կարծիքը պետք է հայտնի: Օրինակ, Մանվել Գրիգորյանի դեպքում գույքեր կան, որ, ասում են, համայնքից անօրինաբար են իրեն անցել: Հիմա կարող է դատարանում որոշվել, որ դա պետք է, ենթադրենք, բռնագանձվի: Այս իմաստով պետք է թե՛ դատախազության կարծիքը լինի, թե՛ քաղաքական որոշում պետք է լինի: Եթե դա լինի, արդեն նվեր ընդունելու գործընթացը մենք կիրականացնենք», - նշեց Նարեկ Բաբայանը:

Արմեն Ավետիսյանն անցնում է փողերի լվացման քրեական գործով և առաջարկել է պետությանը նվիրել Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որը նախնական գնահատմամբ կարող է արժենալ մինչև 20 մլն դոլար: Մանվել Գրիգորյանը, ով յուրացման եղանակով խոշոր չափի գույքի հափշտակության մեջ է մեղադրվում, պատրաստակամ է պետությանը նվիրել 5 մլրդ դրամի գույք: Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը հայտարարել է իր հաշիվներից մեկին առկա 30 մլն դոլարը նվիրատվությամբ փոխանցելու մասին:

Այս օրինակները Տավուշի մարզում հանրահավաքի ժամանակ հնչեցրեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պետությունից թալանված միջոցները կարճ ժամանակում վերադարձնելու տարբերակներից մեկն էլ սա է, որը պետք է իրականացվի անցումային արդարադատության գործիքակազմով՝ խորհրդարանական ընտրություններից հետո․ - «Կարևոր է, որ այս հարցերի վերաբերյալ մենք՝ որպես հանրություն, ձևակերպենք վերաբերմունք: Ինչպե՞ս ենք մենք վերաբերվում նման դեպքերին, ի՞նչ պետք է անենք նման դեպքերում, մենք ինչքա՞ն պետք է նախաձեռնող լինենք այս հարցերում: Նույնիսկ կան դեպքեր, որ կոնկրետ դեպքում մենք քրեական գործ չունենք հարուցված, բայց մարդիկ իրենք նախաձեռնություն են ցուցաբերում և ասում են՝ ինչքա՞ն վերադարձնենք պետությանը․․․ բայց շարունակությունը չեն ասում, թե ինչի դիմաց»:

Վարչապետի հանձնարարականով կառավարությունում ձևավորվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է անցումային արդարադատության հարցերով:

Վարչապետի խորհրդական, անցումային արդարադատության փորձագետ Նիկոլայ Բաղդասարյանն այդ աշխատանքային խմբի անդամ է: Նա նշում է, որ առաջնայինը օրենսդրական կարգավորման խնդիրն է՝ հիշեցնելով հարևան Վրաստանի օրինակը, երբ նախկին նախագահ Սաակաշվիլին հորդորեց գույքը 1 դոլարի դիմաց նվիրաբերել պետությանը, իսկ հետագայում այդ քաղաքացիները դիմեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ մեղադրանքով, թե պետությունը հարկադիր միջոցներով խլել է իրենց սեփականությունը:

Փորձագետի համոզմամբ՝ պետք է օրենսդրական հիմք ստեղծել գործողությունների համար, ինչը կարող է անել միայն նոր ձևավորվող Ազգային ժողովը․ - «Ինստիտուտը կոչվում ա մեղավորության կանխավարկած: Էդ ինստիտուտը ստեղծվել է առաջինը ԱՄՆ-ում, որտեղ գանգստերները թալանում էին միջոցները, դնում էին բիզնեսի մեջ, և էդ բիզնեսը բերում էր մեծ եկամուտներ: Մեղավորության կանխավարկածի դեպքում, եթե դու թալանել ես, դրանից հետո ստեղծել ես բիզնես, էս բիզնեսն էլ ա ևս գնում հօգուտ պետությանը: Անցումային արդարադատությունը էկել ա, որպեսզի լուծի հենց այդ խնդիրը»:

Վարչապետի խորհրդականը հստակեցնում է՝ անցումային արդարադատությունը չի ենթադրում քրեական պատասխանատվությունից ազատում: Նրա պարզաբանմամբ, կան 4 տեսակի հանցագործություններ՝ թեթեև, միջին, ծանր և առանձնապես ծանր: Վերջին երկուսի դեպքում մարդիկ, ըստ Բաղդասարյանի, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ավելի պարզ է ձևակերպում ՝ արյան հետ կապված հանցագործություները որևէ պարագայում չի կարելի ներել․ - «Իմ կարծիքն այն է, որ արյան հետ կապված հանցագործություններում չի կարող լինել որևէ կոմպրոմիս: Իսկ եթե գողացվել է փող, էդ փողը կարելի է վերադարձնել, եթե անհրաժեշտ է, տոկոսներով կարելի է վերադարձնել»:

«Ավելի շատ գույքի մասին ա խոսքը, քան դուք լրատվամիջոցներով պատկերացնում եք, որովհետև խոսքը վերաբերում ա նաև էն գույքին, որը գտնվում է արտասահմանում, ոչ թե Հայաստանում: Մեխանիզմներ կան, երբ որ այլ պետություններում թողնում ես դու այդ գույքի 20 տոկոսը, 80 տոկոսը վերադարձվում ա: Ֆիլիպինները վերադարձրել են իրանց բյուջեից ավելի մեծ գումար: Ես ևս ակնկալում եմ, որ մենք կունենանք վերադարձ մեծ գումարների, որը կհավասարվի մեր պետական բյուջեին: Հաստատ պարտքը կփակենք մեր», - «Ազատության» հետ զրույցը եզրափակեց Նիկոլայ Բաղդասարյանը: