Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունը Վերաքննիչ դատարանում այսօր ընդմիջվեց՝ աշխատանքային օրվա ավարտի պատճառով:
Առավոտից Քոչարյանի պաշտպանները ներկայացնում էին իրենց բողոքը, պնդելով, որ նախկին նախագահը չպետք է կալանավորվի քանի դեռ չի որոշվել, որ նա անձեռնմխելի չէ, քանի դեռ չեն հաստատվել հիմնավոր կասկածները, որ նա կատարել է իրեն մեղսագրվող արարքը: Բացի այդ, ըստ պաշտպանների, պետք է քննարկվի, արդյոք մնալով ազատության մեջ նա կարող է խոչընդոտել քննությանը:
«Ազատության» հարցին՝ այսինքն, իրենց պնդմամբ, առաջին ատյանի դատարանը այդ ամեն ինչը հաշվի չի՞ առել, Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը պատասխանեց. ֊ «Պատկերացրեք՝ այդ ամեն ինչից ոչ մի բանը հաշվի չի առել, և հիմա, երբ որ մենք բոլորս լսեցինք սեպտեմբերի 11֊ից սկսած ԱԱԾ տնօրեն և ՀՔԾ պետի հեռախոսային զրույցը, երևի ձեզ համար էլ, մեզ համար էլ արդեն պարզ է, թե դրա տակ ինչ է եղել իրականում»։
Ալումյանը նշեց, որ այսօրվա նիստի ընթացքում իրենք չեն հասցրել իրենց բողոքն ամբողջությամբ ներկայացնել:
Այսօր առավոտյան Հայկ Ալումյանը ևս մի բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան, որում նոր հիմքեր են ներկայացված՝ ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսված հեռախոսազրույցը: Դատարանը պետք է որոշի նաև՝ ընդունել այդ բողոքը քննության, թե ոչ։
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս նիստին ևս ներկա էր, սակայն դուրս չեկավ և լրագրողների հետ չշփվեց:
Հայաստանի նախկին նախագահը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով:
Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու համար վճռաբեկ ատյան էին դիմել թե՛ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, և թե՛ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Երեկ Վերաքննիչ դատարանը մերժեց սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի՝ ինքնաբացարկ ներկայացնելու վերաբերյալ:
Այսօր Ալումյանն ասաց, որ նոր բողոքի հիմքում «Հատուկ քննչական ծառայության և Ազգային անվտանգության ծառայության պետերի հայտնի հեռախոսային խոսակցությունն է և դրա վերաբերյալ ասուլիսը»։