Հանրապետականը իշխող ուժի համար կարող է դառնալ ոչ թե ընդդիմություն, այլ՝ «բոքսի տանձիկ»․ Մարուքյան

Դեկտեմբերի 9-ին Հայաստանի քաղաքացիները պետք է որոշեն, թե ով է լինելու ընդդիմություն, քանի որ տրամաբանական է, որ հեղափոխությունից հետ իշխանություն է դառնում հենց հեղափոխությունն առաջնորդած ուժը, այսօր Էջմիածնում նախընտրական հանդիպմանը հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» առաջին համար Էդմոն Մարուքյանը։

«Ասում են՝ բա Գերմանիայում որ իշխանությունը գնում է, դառնում է ընդդիմություն, չէ՞: Դե հիմա մենք էլ այստեղ պիտի դառնանք: Եվ Գերմանիայի հետ համեմատվելուց առաջ պետք է նայել, Գերմանիայում որ իշխանությունը պարտվում ա, հո նրանք երկիրը ապականած, թալանած չե՞ն լինում ծայրից ծայր», - նշեց «Լուսավոր Հայաստանի» առաջին համարը:

Մարուքյանն անդրադարձավ նախկին իշխանության՝ Հանրապետականի պնդումներին, թե իրենցից բացի որևէ ուժ իրական ընդդիմություն չի կարող լինել ու հակակշռել «Իմ քայլը» դաշինքին։ Ըստ Մարուքյանի՝ խորհրդարանում հայտնվելու դեպքում, Հանրապետականը իշխող ուժի համար կարող է դառնալ ոչ թե ընդդիմություն, այլ՝ «բոքսի տանձիկ»:

«Գործող իշխանությունը ամեն առիթով կարող է նրանց բոքսել՝ քաղաքական իմաստով, բոքսի տանձիկի պես օգտագործել, բայց իրականության մեջ նրանք հակակշիռ չեն կարող լինել: Հետևաբար մեր քաղաքացիները պետք է բոքսի տանձիկ չունենան խորհրդարանում, պետք է ունենան իրական ընդդիմադիր ուժ, որը կկարողանա հակակշռել, փոխզսպել», - կարծիք հայտնեց նա:

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ Հայաստանում թյուր կարծիք կա, թե ընդդիմությունը միայն իշխանությունների դեմ խոսողն է, այնինչ, «Լուսավոր Հայաստանի» առաջնորդի խոսքով, ընդդիմության դերն իշխանություններին զսպելն ու հակակշռելն է, միևնույն ժամանակ, համագործակցելով, ծրագրեր առաջ մղելը։ - «Ընդդիմությունը դա ապագա իշխանությունն ա: Սիրելի հայրենակիցներ, դեկտեմբերի 9-ին դուք ընտրելու եք ընդդիմություն: Որովհետև իշխանության հարցը լուծված է հեղափոխության ուժով», - հավելեց Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստանը» 2 խմբով է քարոզարշավ անցկացնում․ մի մասը շրջում են Երևանի տարբեր թաղամասերում, մյուսները՝ այդ թվում Էդմոն Մարուքյանը, այցելում մարզեր։

Այսօր շրջեցին Արարատի և Արմավիրի մարզերի քաղաքներով:

Կանգառներից մեկն Էջմիածինն էր՝ քաղաք, որտեղ Մարուքյանի խոսքով, հեղափոխությունից առաջ վախի մթնոլորտ էր:

«Էջմիածինը էն քաղաքներից է, որ ամենաշատն է, երևի, տուժել նախորդ ռեժիմից և այս առումով, բնականաբար, մարդիկ ուրիշ շունչ են ստացել այստեղ: Որովհետև նաև փակված է եղել, շատ բաներ չեն բարձրաձայնվել, շատ բաներ մարդիկ չեն իմացել: Բայց հիմա հանգիստ շնչում են մարդիկ, հանգիստ ժպտում են, ուրախ են», - կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստանի» առաջնորդը: