Սասուն Խաչատրյան․ Վերջին վեց ամիսներին ՀՔԾ-ն գերծարնաբեռնված է աշխատել

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

Վերջին 6 ամիսներին Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) միայն Մարտի 1-ի գործով 1000-ից ավելի անձինք են հարցաքննվել, կատարվել են 40-ից ավելի խուզարկություններ, փորձաքննության է ներկայացվել 146 միավոր հրազեն ու մեծ քանակությամբ զինամթերք։ Ու սա դեռ արվածի մի փոքր մասն է միայն:

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը մանրամասն թվարկեց ամեն ինչ ու եզրահանգեց, որ ծառայության աշխատանքի 11 տարիների ընթաքում վերջին կես տարին ամենածանրաբեռնվածն է եղել․ - «Ծառայության աշխատակիցները խորը գիտակցումով են վերաբերվում այն առաքելությանը, որը ի պաշտոնե իրականացնում են երկրի համար հատկապես կարևոր այս անցումային ժամանակահատվածում»:

2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձություններին վերաբերող գործը Հատուկ քննչական ծառայությունում նոր թափ ստացավ հեղափոխությունից հետո։ Մեղադրյալի կարգավիճակում հայտնվեցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, նաև քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը։

Գործում այս նոր բացահայտումների համար այսօր Մխիթար Գոշ մեդալով պարգևատրվեց քննչական խմբի նոր ղեկավարը՝ Հրաչյա Մուշեղյանը։ Ավագ քննիչին պարգևատրելու նախաձեռնությունը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյաննին է, իսկ պարգևը հանձնեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը:

Պարգևատրումից հետո «Ազատությունը» Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե արդյոք Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարին պարգևատրելը շահարկումների առիթ չի տա։ Փոխվարչապետի պաշտոնակատարը արձագանքեց՝ նման խնդիր չկա, Մխիթար Գոշ մեդալի շնորհումը մատուցած ծառայությունների համար է և պետական կառավարման օղակները պետք է սովորեն խաղի նոր կանոններն ու գործեն ըստ իրենց կանոնադրություն։

Միրզոյանը հերքեց, թե մատուցված ծառայությունների թվում է Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելը․ - «Ոչ: Դուք էլի քաղաքական պատվերի տեսանկյունից եք փորձում հարցին նայել: Այն, որ էս մարմնում վերջապես կարողացել են անել առանց վերևների շրջանակների կողմից քաղաքական հրահանգի կամ սահմանափակումների․․․ Անել այն, ինչ որ պետք ա անեն»:

Նախկին իշխանության ընտրական ցուցակի երրորդ հորիզոնական զբաղեցնող Դավիթ Շահնազարյանը երեկ խոսելով Մարտի 1-ի իրադարձություններից՝ ՀՔԾ-ն որակել էր որպես «իշխանության պրոպագանդիստական օրգան»։

Արարատ Միրոզոյանն այսօր հակադարձեց ԱԱԾ նախկին ղեկավարին․ - «Իրավապահ բոլոր մարմինները իշխանությանը պիտի ենթարկվեն, և իրավապահ բոլոր մարմինները իշխանության մաս են: Եթե քաղաքական պատվերների մասին է խոսքը, ապա մեր իշխանության օրոք վստահաբար որևէ քաղաքական պատվեր չի իջեցվում, և էդ մարմիններն էլ չեն կատարում որևէ քաղաքական պատվեր»:

ՀՔԾ-ի մյուս աղմկահարույց քրեական գործերից էր «Զիբիլիքսը»։ Սասուն Խաչատրյանի խոսքով՝ նախաքննական մարմինը կարողացել է բացահայտել, թե ինչ մեխանիզմով Երևանի ավագանու 2017 թվականի ընտրությունների ժամանակ ապահովվել ՀՀԿ-ական քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի հաղթանակը․ - «Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավարը և «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրենը իրենք կողմից ձևավորված ենթաշտաբերի ղեկավարների միջոցով 2017 թվականի մայիսի առաջին տասնօրյակում շուրջ 130 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը որպես ընտրակաշառք՝ յուրաքանչյուրին 10 հազարական դրամ, բաժանել են տարածքի ընտրողներին»:

Խաչատրյանը խոսեց նաև գեներալ Մանվել Գրիգորյանի քրեական գործից: Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև խոշոր չափով գույք հափշտակելու մեջ։ Ըստ ՀՔԾ պետի՝ ԵԿՄ նախկին նախագահի առանձնատնից առգրավվել էին անշարժ գույքի ավելի քան 200 վկայականներ, ու քննությամբ պարզվել է, որ դրանից գերակշիռ մասը ձեռք է բերվել օրենքի խախտումներով։

Խաչատյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ գրությամբ դիմել է Տարածքային կառավարման նախարարին՝ 40 անուն անշարժ գույքը համայնքին վերադարձնելու համար։