Վերաքննիչ դատարանը մերժեց դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի միջնորդությունը

Վերաքննիչ դատարանը մերժեց սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի՝ ինքնաբացարկ ներկայացնելու վերաբերյալ:

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց՝ որոշումը կմեկնաբանեն դրա հետ ծանոթանալուց հետո:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը մամուլից է տեղեկացել, որ Վերաքննիչում գործը քննող դատավորի անունը որոշվել է վիճակահանությամբ։ Ըստ Ալումյանի՝ օրենքով վիճակահանություն որպես այդպիսին նախատեսված չէ։

Ավելի քան 10 օր առաջ Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր գլխավոր դատախազության բողոքը՝ Քոչարյանի նկատմամբ կալանավորման վերաբերյալ որոշումը կրկին հասցեագրելով վերաքննիչ ատյանին:

Դատախազությունը Վճռաբեկ դատարանից պահանջել էր բեկանել Վերաքննիչի որոշումն ու ուժի մեջ թողնել առաջին ատյանի որոշումը, որը նախկին նախագահին կալանավորելու որոշում էր ընդունել:

Հայաստանի նախկին նախագահը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով:

Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու համար վճռաբեկ ատյան էին դիմել թե՛ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, և թե՛ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։