Բաժանորդները 2019-ին ևս խմելու ջրի մեկ խորանարդ մետրի համար կվճարեն 180 դրամ

Խմելու ջրի պոմպակայան Հայաստանում, արխիվ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այսօր քննարկել է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուց­ման սակագների ճշգրտման մասին հարցը։

Հանձնաժողովը որոշել է «Վեոլիա Ջուր»-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուցման գումարային սակագինը ճշգրտել և սահմանել 191․414 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ «հիմք ընդունելով ՀՀ կառավարության և «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի միջև 2016 թվականի նոյեմբերի 21-ին կնքված վարձակալության պայմանագրի և ընկերության լիցենզիայի պայմաններով ամրագրված սակագնի ճշգրտման գործոնները, ինչպես նաև՝ հաշվի առնելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի միջև 2018 թվականի նոյեմբերի 26-ին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որի համաձայն՝ հաշվարկված 202․272 դրամ/խմ սակագնից 10․858 դրամ/խմ մեծությունը համապատասխան ճշգրտումներից հետո տեղափոխվել է 2025 թվական», ասված է ՀԾԿՀ հաղորդագրությունում:

«Հանձնաժողովի սահմանած սակագնից 11․414 դրամ/խմ մեծությունը սուբսիդավորելու մասին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության գրությամբ ներկայացված տեղեկությունն ընդունվեցի գիտություն։ Արդյունքում՝ բաժանորդները խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների համար 2019 թվականին ևս կշարունակեն վճարել գործող 180 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնով», - փոխանցում է ՀԾԿՀ-ն:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2019 թվականի հունվարի 1-ից։