«Ոստիկանապետ Օսիպովի հանդիպումները ռեյտինգային թեկնածուների հետ քաղաքական տհասություն է». Ժիրայր Սեֆիլյան

«Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը քաղաքական տհասություն է որակում ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հանդիպումները ռեյտինգային ցուցակներով առաջադրված պատգամավորության թեկնածուների հետ:

Վալերի Օսիպյանը երեկ այցելել էր Շիրակի մարզ և հանդիպել տարածքային ցուցակներով առաջադրված թեկնածուներին ու նրանց նախընտրական շտաբերի ղեկավարներին:

Ոստիկանապետը հորդորել էր գործել օրենքի շրջանակներում՝ զգուշացնելով, որ խախտողները կպատժվեն:

Ժիրայր Սեֆիլյանն «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց՝ իրենց կուսակցության թեկնածուներին նույնպես հանդիպման առաջարկ արվել է, սակայն մերժել են:

Սեֆիլյան. - Թեկնածուները, բնականաբար, հրաժարվել են այդ հանդիպումից, քանի որ անհեթեթություն է: Նախևառաջ ոստիկանապետն ի՞նչ գործ ունի թեկնածուներին ինչ-որ իրավագիտակցական դասախոսություններ կարդալ, առավել ևս երբ որ այստեղ Օսիպովն է մասնավորապես, քանի որ մենք նաև մեկուկես, երկու ամիս առաջ պաշտոնապես Փաշինյանից պահանջել ենք նրա հրաժարականն, ուստի ժպիտով ենք մոտենում այս անհեթեթ շրջագայությանը։

«Ազատություն». - Դիմե՞լ է ոստիկանապետը ձեր թեկնածուներին։

Սեֆիլյան. - Այո՛, դիմել է, բայց մեր թեկնածուները հրաժարվել են և հրաժարվելու են։

«Ազատություն». - Այսօրինակ հանդիպումներն անօրինակա՞ն եք համարում, սա ճնշո՞ւմ եք դիտարկում թեկնածուների նկատմամբ։

Սեֆիլյան. - Ես կասեի սա քաղաքական տհասություն է, օրինականի և անօրինականի խնդիր չեմ տեսնում, տակավին սովետի հոգեբանությունից դուրս չեն եկել, դժբախտաբար։

«Ազատություն». - Սա ոստիկանապետի ինքնուրո՞ւյն որոշումն է, գուցե բարձրագույն իշխանությո՞ւնն է նրանց հրահանգել։

Սեֆիլյան. - Չէ՛, չեմ կարծում, սա ոստիկանապետի քաղաքական մակարդակի տհասության հետևանք է, ես կարծում եմ։

«Չպետք է թողնենք մեր և Նիկոլի միջև որևէ սեպ խրվի»

Ժիրայր Սեֆիլյանն անդրադարձավ նաև «Սասնա ծռեր»-ի և Նիկոլ Փաշինյանի միջև ծավալված հեռակա բանավեճին:

Հիշեցնենք՝ արձագանքելով «Սասնա ծռեր»-ի այն հայտարարությանը, որ դեկտեմբերի 9-ին ձևավորվելիք Ազգային ժողովը դիտարկում են իբրև անցումային խորհրդարան, և որ երկու տարի հետո պետք է լինեն նոր ընտրություններ, Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ «չշշկռեք, սա ձեզ համար Սարգսյանի թուլամորթ իշխանությունը չէ»:

Ի պատասխան, «Սասնա ծռեր»-ը պարզաբանում էր պահանջել Փաշինյանից՝ ընդգծելով, որ վարչապետի պաշտոնակատարն արել է «անհիմն պնդումներ, օգտագործել է սպառնալիքներ և վիրավորական արտահայտություններ»:

Այսօր Արմավիրի մարզում անցկացվող քարոզարշավի ընթացքում Ժիրայր Սեֆիլյանը շեշտեց՝ չպետք է թույլ տալ, որ սեպ խրվի «Սասնա ծռեր»-ի և Փաշինյանի միջև։

«Պետք է այս օրերին զգույշ լինենք, իրար նկատմամբ ավելորդ քարկոծումներ, կարծում ենք, որ պետք չէ։ Ինչ-որ չափով մենք մեր տարակուսանքը հայտնել ենք։ Կարծում եմ, որ այսքանով պետք է բավարարվել և երկուստեք զգույշ լինելով գնանք առաջ։ Դրա մեջ ես մեծ խնդիր չեմ տեսնում։ Լարված օրեր են, լարված պահեր են, պետք է իրար հասկանանք, խոհեմ լինենք և չթողնենք մեր և Նիկոլենց միջև որևէ սեպ խրվի», - ասաց Սեֆիլյանը։

Հարցին, թե Փաշինյանի հետ խոսե՞լ են, Սեֆիլյանը պատասխանեց. - «Ո՛չ, տակավին չենք խոսել»։

«Սասուն Միքայելյանը պարզապես իր խոսքում վրիպակ թույլ տվել»

Ի դեպ, արձագանքելով «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու, ազատամարտիկ Սասուն Միքայելյանի աղմկահարույց հայտարարությանը, թե «հեղափոխությունն ավելի կարևոր է, քան՝ Արցախյան պատերազմը», Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն ասաց, թե կարծում է, որ Սասուն Միքայելյանը պարզապես իր խոսքում վրիպակ թույլ տվել:

Նկատենք՝ Միքայելյանի այս հայտարարությունը սուր քննադատության ենթարկվեց ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում:

Նրան հակադարձեցին Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, Ղարաբաղի պաշտպանության բանակի տեղեկատվության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը, Արցախի հերոս, Ղարաբաղի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը։

Ի պատասխան, Նիկոլ Փաշինյանն առանց անուններ տալու, իբրև գերագույն հրամանատար, զգուշացրեց զինվորականներին՝ «նստել տեղներն ու քաղաքականության մեջ քթները չխոթել»:

«Ես կարծում եմ, որ վրիպակ է տեղի ունեցել իր ձևակերպած խոսքում։ Ընդամենն այսքանը։ Պետք է մատի փաթաթան չդարձնել և որևէ շահարկումներ չանել։ Ամեն մարդ կարող է իր խոսքում վրիպել։ Ես համոզված եմ, որ դա վրիպում է եղել ընդամենը», - ասաց Սեֆիլյանը։

Հարցին, թե Լեռնային Ղարաբաղից հնչած սուր քննադատությունները և դրանց արձագանքը, հնարավո՞ր է որոշակի լարվածություն առաջացնեն արցախյան ազատամարտիկների, պատերազմի մասնակիցների և Փաշինյանի միջև, Սեֆիլյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ՝ ովքեր որ լուռ չեն և իրենց մտադրություններով անկեղծ, Սասունի խոսքը պետք է ընդունեն վրիպակ։ Վրիպակ է տեղի ունեցել և ավելորդ շահարկումներ պետք չեն։ Ովքեր որ փորձում են շահարկել, ուրեմն այլ նպատակներ ունեն։ Այդ իմաստով պարոն Փաշինյանը ճիշտ է ասել՝ «վեր ընգեք ձեր տեղերը, որովհետև դրանք շահարկում են»։