Գագիկ Ծառուկյանը միացավ քարոզարշավին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ըստ էության մեկնարկեց այսօր Աբովյան քաղաքից՝ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ:

Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները ընդամենը ներկայացրեցին իրենց ծրագիրը, իսկ այսօր Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ով առաջնորդում է «Բարգավաճ Հայաստան»-ի ընտրական ցուցակը, մեկնարկեց քարոզարշավը Աբովյան քաղաքից։

Քարոզարշավին հավաքվել էին աբովյանցիներ, ովքեր ունեին Գագիկ Ծառուկյանի և նրա թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի նկարներով պաստառներ։ Էդուարդ Բաբայանը նույնպես ընդգրկված է ընտրական ցուցակում և ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Աբովյան քաղաքում։

Քարոզարշավի ընթացքում ելույթ ունեցավ միայն կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով դիմելով ժողովրդին ասաց. - «Դուք ինձ լավ եք ճանաչում։ Դա մեկ չի, երկուս չի, ես ինքնըստինքյան ամբողջ կյանքում զրոյից, որ կայացել եմ, դարձել եմ Ծառուկյան, դուք բոլորդ էլ լավ գիտեք իմ մոտեցումը, տեսակետը, մտածելակերպը, գործունեությունը, արարքը։ Դուք գիտեք, որ իմ խոսքը գործ է, ես ինչ որ ասեցի, դա ես իրականություն եմ դարձնելու»։

ԲՀԿ նախագահը, ըստ էության, կրկնեց այն, ինչ մինչև հիմա ասել է և ինչ ընդգրկված է նրանց նախընտրական ծրագրում։ Ծառուկյանը խոստացավ տնտեսական բարեփոխումներ իրականացնել, վարկերի տոկոսադրույքները իջեցնել, բնակարանաշինությունը զարգացնել, որ մատչելի վարկերով տրամադրվեն քաղաքացիներին։

«Այսօր ոչ մեկի հետ խոսել չի լինում, սիրելի ժողովուրդ։ Վրդովված են, նեղված են, հիասթափված են, բայց ասեմ, ձեր ցավը տանեմ, սաղ սպասում եք, որ լավ է լինելու։ Այո, անպայման լավ է լինելու», - նշեց Ծառուկյանը։

Խոսելով արտագաղթից՝ նա ասաց, որ դա իրեն մտահոգում է, ասաց, որ մտադիր է Աբովյանում կառուցել ռուսական դպրոց, քանի որ երբ հանդիպում է Հայաստանից արտագաղթած ընտանիքների հետ, նրանք մտահոգվում են՝ վերադառնալու դեպքում երեխաները չեն կարողանա շարունակել կրթությունը։

«Իմ աբովյանցիներին ես խոսք եմ տալիս, որ այդ թաղամասում ռուսական դպրոց եմ կառուցելու, որ մեր հայրենակիցները գալով բնակարանը կա, որ դպրոցն էլ [լինի]», - հայտարարեց նա։

Ծառուկյանը, նախընտրական ծրագիրը ներկայացնելով, նաև քաղաքացիներին ասում էր, որ ընտրությունն իրենցն է։ Կարող են իրենց վստահության քվեն տալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, կարող են չտալ։

«Ես ասում եմ Հարվարդը չեմ ավարտել, բայց ունեմ փորձ, որը լիարժեք տիրապետում եմ։ Ցանկացած կառույց, որը վերցրել եմ քանդված, ավիրված, զարգացրել եմ, հասցրել եմ ամենաբարձր ստանդարտներին։ Ժողովրդի ցավը տանեմ, որ չեմ եկել այստեղ խնդրել, համոզել։ Դրա կարիքը չկա, ժողովուրդ ջան, այլ կարիքը կա նրա, որ մենք պատրաստ ենք ներկայացնելու, ոնց որ Երևան քաղաքի քաղաքապետի ընտրությանը», - նշեց ԲՀԿ ղեկավարը։

Ծառուկյանը բոլոր համայնքներում մասնակցելու է քարոզարշավին։ Նա ԲՀԿ ընտրական ցուցակի միակ թեկնածուն է, որը չի առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով։