Չավուշօղլու. «Խաշոգջիին 7 րոպեում են սպանել»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, թե ինքը լսել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի տարածքում ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի (նաև՝ Հաշոգի) սպանության ընթացքում արված ձայնագրությունը:

«Դա զզվելի էր, նրան սպանել են 7 րոպեում, դա միտումնավոր սպանություն էր», - ասել է Չավուշօղլուն Sueddeutsche Zeitung օրաթերթին այսօր տված հարցազրույցում:

Նրա փոխանցմամբ՝ ձայնագրությունը վկայում է, որ սպանությանը մասնակցող սաուդցի դատական բժիշկը լրագրողի դին մասնատելու ժամանակ ներկաներին կարգադրել է երաժշտություն լսել: «Հասկանում ես, որ այդ մարդը բավականություն է ստանում մարմինը մասնատելուց, նողկալի է», - ասել է Չավուշօղլուն:

Ըստ թուրք քննիչների, Խաշոգջիին սպանելու նպատակով Սաուդյան Արաբիայից Ստամբուլ էր ժամանել 15 գործակալ:

Անկարան պնդում է, որ ընդդիմադիր լրագրողին սպանելու հրահանգն արձակել են Սաուդյան Արաբիայի իշխանության ամենաբարձր օղակներից, սակայն խոսքը թագավոր Սալմանի մասին չէ: