Ռուսները տուգանքով են սպառնում Google-ին

Google-ի լոգոն, արխիվ

Հաղորդակցության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսկոմնադզոր» դաշնային պետական գործակալությունը բողոք է ներկայացրել Google ընկերությանը Ռուսաստանում արգելված կազմակերպությունների կայքէջերը որոնման համակարգից չհեռացնելու համար:

«Ռոսկոմնադզոր»-ը սպառնացել է 700 հազար ռուբլու (10 հազար 450 դոլար) տուգանք սահմանել Google-ի նկատմամբ:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, մի անանուն աղբյուր հայտնել է, որ Ռուսաստանը մտադիր է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող համաշխարհային խոշոր ընկերությունների նկատմամբ կիրառել շատ խիստ տուգանքներ:

Մոսկվան պահանջում է, որ դրանց գործունեությունը համապատասխանի Ռուսաստանի Դաշնության օրենքներին, ինչը, ըստ Reuters-ի աղբյուրի, վկայում է տեխնոլոգիական հսկաներ Google-ի և Facebook-ի հետ Կրեմլի պայքարի թեժացման մասին:

Google-ի հարցում վերջնական որոշումը «Ռոսկոմնադզոր»-ը կընդունի այս տարվա դեկտեմբերին:

Google ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել այս հարցը:

Անցած 5 տարում Ռուսաստանն ընդունել է համացանցի գործունեությունը կարգավորող առավել խիստ օրենքներ, որոնց համաձայն՝ որոնման համակարգերը պարտավոր են ոչնչացնել որոնման որոշ արդյունքներ, իսկ տեքստային հաղորդակցության ծառայությունները պետք է դաշնային անվտանգության մարմիններին հայտնեն վերծանման կոդերը:

Բացի այդ, ռուսները պահանջում են, որ սոցիալական ցանցերն օգտատերերի անձնական տվյալները պահեն բացառապես Ռուսաստանի տարածքում տեղակայված սերվերներում: