Քաղաքական հեղափոխությունից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքն այժմ տնտեսական հեղափոխությունն է առաջնահերթ համարում: Դաշինքի ծրագրում տնտեսական հատվածը բավական ծավալուն է՝ խթանելու են արտահանումը, զբաղվածությունը, աշխատանքի խրախուսմանը միտված ներդրումային քաղաքականությունը:
«Իմ քայլը» վստահ է՝ տնտեսական զարգացումը նաև մարդկանց սոցիալական վիճակը պետք է բարելավի, այլ ոչ թե մնա թղթի վրա՝ իբրև վիճակագրություն:
Այսօր նախընտրական հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ քաղաքացիներին հնարավորություն է տրվելու, որ աշխատանքով շտկեն իրենց մեջքը․ - «Պիտի աշխատենք իրար հետ, որ մեր երկրի, մեր ընտանիքի եկամուտները մեծանան: Մենք չպիտի լինենք խեղճ ու աղքատ ժողովուրդ, մենք պետք է լինենք հարուստ, սեփական ուժերի վրա վստահ, ազատ ու երջանիկ ժողովուրդ: Մենք ամբողջ միկրոբիզնեսին ազատելու ենք հարկերից: Այսինքն, օրինակ՝ Անի համայնքում գտնվող այն բիզնեսները, որոնք ունեն տարեկան մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն, ազատվելու են հարկերից: Մենք սա անում ենք, որպեսզի Հայաստանի քաղաքացին իր աշխատանքով ոտքի կանգնի, ուղղի մեջքը և վստահ լինի իր իրավունքների և հնարավորությունների մեջ»:
«Բարգավաճ Հայաստանը» այս ընտրություններին 36 կետանոց ծրագիր է ներկայացրել: Ինչպես և «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ-ն այժմ տնտեսական հեղափոխությունն է առաջնային համարում՝ կարևորելով փոքր բիզնեսին հարկերից ազատելը, ներդրողների պաշտպանությունը, հարկերի թեթևացումը, սակագների և վարկերի տոկոսադրույքների իջեցումը: ԲՀԿ պատգամավորի թեկնածու, ցուցակի երկրորդ համար Միքայել Մելքումյանը կարևորում է, որ բարեփոխումները կտրուկ և տեսանելի լինեն։
«Մեզ վիճակագրական աճեր պետք չեն էսօր, մեզ պետք են ռեալ զարգացումներ, և հենց բիզնեսն էլ պետք ա լինի մարդակենտրոն բնույթ կրող և բիզնեսում էլ պետք ա արդարություն լինի», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա: - «Երբ որ մենք ասում ենք տնտեսական և տեխնոլոգիական հեղափոխություն, նշանակում է՝ բեկում մտցնել: Մեզ պետք ա կտրուկ բարելավում մարդկանց սոցիալական և տնտեսական պայմաններին»:
«Լուսավոր Հայաստանի» նախընտրական ծրագրում 300 կետ կա, սակայն նախընտրական փոքր բուկլետի մեջ բոլորը չեն կարողացել տեղավորել, հիմնական շեշտադրումները դարձյալ ազատ մրցակցության ապահովումն է, գերփոքր բիզնեսին հարկերից ազատելը: - «Բոլոր բարեփոխումների կենտրոնում պետք է լինի Հայաստանի քաղաքացին», - նշվում է «Լուսավոր Հայաստանի» ծրագրում:
Կուսակցության նախընտրական ցուցակի չորրորդ համար Գևորգ Գորգիսյանն ասում է՝ առաջարկում են շքեղության հարկ մտցնել բյուջեն առանց միջոցների չթողնելու և սոցիալական արդարությունը վերականգնելու համար․ - «Արդարության զգացումն է, որ մեծապես պակասել է մեր երկրում տարիներ շարունակ: Նպատակը այսպիսին է՝ առհասարակ եկամտահարկը հարկել նույն տոկոսադրույքով՝ 20 և պակաս տոկոս, բայց ունենալ նաև շքեղության հարկ մի քանի միլիոն՝ տասնյակ միլիոն աշխատավարձ ստացողների պարագայում, շքեղ առանձնատներ, հարյուր հազար դոլարանոց մեքենաներ ունեցողների պարագայում»:
«Սասնա ծռերը» ևս փոքր բիզնեսի համար հարկային արձակուրդի առաջարկն է անում, առաջարկում է նաև ստեղծել ազգային ներդրումային հիմնադրամ, զարգացնել այլընտրանքային էներգետիկան, փոխել գնումների գործընթացը: Սրանք մի փոքր մասն են կուսակցության առաջարկած տնտեսական ծրագրից: Ըստ «Սասնա ծռերի» նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանի՝ իրենց սոցիալ-տնտեսական ծրագրի առանցքում այն թեզն է, որ Հայաստանը պետք է համաշխարհային զարգացումների մաս կազմի, և տարածաշրջանում դառնա տեխնոլոգիական զարգացման կենտրոն:
«Այսինքն՝ լինել միջազգային, համաշխարհային զարգացումների հունի մեջ, դառնալ դրա մասնակիցը և Հայաստանը դարձնել տարածաշրջանային տրանսֆեր, այդ զարգացումները հարևաններին փոխանցելու համար: Սա է, ըստ էության, մեր տնտեսական ռազմավարության առանցքը», - այսօր պարզաբանեց Ավետիսյանը:
Հանրապետականը, որի կառավարման տարիներին Հայաստանում 30 տոկոսանոց աղքատություն է ձևավորվել, այժմ հավակնում է քաղաքական դաշտում հավասարակշռողի դեր ստանձնել: Նախընտրական ծրագրի տնտեսական հատվածում Հանրապետականը պնդում է՝ Հայաստանը նախորդ տարիների աշխատանքի արդյունքում ունի մեծ շուկաների հասանելիություն, կայուն էներգետիկ համակարգ, ինտենսիվ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար շոշափելի նախադրյալներ։ Այժմ էլ միայն մրցակցություն խթանելով հարցերը չեն լուծվի: Արփինե Հովհաննիսյանը, ներկայացնելով իրենց ծրագիրը, ասաց՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը այժմ խոստումներ է տալիս, սակայն հարց է՝ արդյոք դրանք կկատարվեն:
«Բացառապես հնչում է բարի ցանկության պես: Կբարձրանա այսքան աշխատավարձ, տեղի կունենա այսինչը: Եվ չկա ուղի: Ինչո՞ւ ենք մենք ամենաշատը մտահոգ, որովհետև չենք տեսնում ուղին՝ ինչպե՞ս պետք է դա կատարվի: Իսկ երբեմն, երբ բացահայտվում է ուղին, թե ինչպես պետք է այդ խոստումները կատարվեն, իրականում շատ ավելի մտահոգիչ է դառնում, քան եթե գոնե չիմանայինք ուղին ինչպես են պատկերացնում», - հայտարարեց Հովհաննիսյանը: