Հայաստանի նախագահը վաղը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, այսօր պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա՝ այդ երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով:

Այցի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ կանցլեր Անգելա Մերկելի, նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Հանդիպումների քննարկումների առանցքում կլինեն երկու երկրների փոխգործակցության օրակարգին և հեռանկարներին վերաբերող բազմաթիվ հարցեր:

Այցի ընթացքում Արմեն Սարգսյանը կհանդիպի Հայաստանում գործունեություն ծավալող և Հայաստանի հետ համագործակցությամբ հետաքրքրված գերմանացի գործարարների հետ: Քննարկումներ կծավալվեն հայաստանյան ներդրումային և գործարար միջավայրի, հայ-գերմանական տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունների վերաբերյալ:

ՀՀ նախագահը կմասնակցի Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի կողմից կազմակերպված քննարկմանը, ինչպես նաև կայցելի Գերմանիայի Կարմիր խաչի կազմակերպություն, որը հատկապես վերջին 30 տարիներին բավականին արդյունավետ գործունեություն է ծավալում Հայաստանում:

Պաշտոնական այցի շրջանակում Արմեն Սարգսյանը կայցելի Սաքսոնիա-Անհալթ երկրամաս, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը երկրամասի կառավարության ղեկավար Ռայներ Հազելոֆի հետ:

Հայաստանի նախագահի պաշտոնական այցի օրակարգը ներառում է նաև այցելություններ ԳԴՀ մի շարք գիտակրթական և գիտատեխնիկական հաստատություններ: Արմեն Սարգսյանը դասախոսություններով հանդես կգա «Բերթելսման» հիմնադրամում, Օտտո ֆոն Գուերիկեի համալսարանում:

Արմեն Սարգսյանը հանրահայտ Կոնցերտհաուս Բեռլինում (Konzerthaus Berlin) ներկա կգտնվի հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին՝ անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ, ասված է ՀՀ նախագահի գրասենյակի հաղորդագրությունում: