ԲՀԿ-ն չի գնալու «ցեխ շպրտելու», այլ ներկայացնելու է իր ծրագիրը

Միքայել Մելքումյանը ԲՀԿ ասուլիսի ժամանակ, Երևան, 26-ը նոյեմբերի, 2018թ․

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը կանցկացնի սեփական ծրագրերը քարոզելով, ոչ թե մրցակիցներին սևացնելով, խոստանում է ԲՀԿ պատգամավորի թեկնածու, Ազգային ժողովի փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:

«Մենք մեր բոլոր մրցակիցներին հարգում ենք։ Մենք չենք գնալու ցեխ շպրտելու, մենք ներկայացնելու ենք մեր ծրագիրը, ակնկալում ենք նաև մեր նկատմամբ, էսպես ասած՝ մեր այգի քարեր չեն շպրտվի», - հայտարարեց Մելքումյանը այսօր ասուլիսի ժամանակ։

ԲՀԿ պատգամավորի թեկնածու Գևորգ Պետրոսյանն էլ մրցակիցներին սևացնելու ճանապարհը բռնող քաղաքական ուժերին զգուշացնում է՝ բախտախնդիրներն անպատասխան չեն մնա. - «Քարոզարշավի իմաստը մենք չենք տեսնում այս կամ այն քաղաքական ուժի հեղինակությունը վիճարկելը, որևէ մեկին նսեմացնելը, անվանարկելը։ Այդպիսի զբաղմունքով զբաղվում են նրանք, ովքեր ժողովրդին ասելիք չունեն։ Երբեք չենք լինելու նախահարձակ որևէ մեկին նսեմացնելու, վիրավորելու գործում, բայց, իհարկե, եթե կլինեն նախընտրական անդորրը խախտող բախտախնդիր գործիչներ, բնականաբար, նրանց բախտախնդրությունը անպատասխան չի մնա»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը սկսեց առանց Գագիկ Ծառուկյանի: Ցուցակի առաջին համարը ընտրողների հետ հանդիպումները կսկսի վաղվանից՝ Կոտայքի մարզից: Այսօր թեկնածուներն առանց Ծառուկյանի կքայլեն իրենց ընտրատարածքներում և նախընտրական ծրագիրը կներկայացնեն ընտրողներին:

Միքայել Մելքումյանը առաջադրվել է թիվ 4՝ Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքում, իսկ Գևորգ Պետրոսյանը՝ թիվ 1՝ Ավան, Նոր Նորք:

ԲՀԿ ընտրական ցուցակից միայն Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով։

«Ձևաչափը հիմնական այն է, որ բոլոր մարզերում այս 12 օրերի ընթացքում պարոն Ծառուկյանը անպայման լինելու է։ Եթե նախկինում ուշադրություն եք դարձրել, որոշակի թիմերով քաղաքական թիմը շրջում էր։ Հիմա մենք դրել են ամեն մեկս մի տեղ, դա չի խանգարում, որ և՛ ասուլիսների գնանք, և՛ մյուս տեղերում լինենք։ Բայց հիմնականում կենտրոնանալու ենք մեր ռեյտինգային ընտրատարածքներում, որպեսզի ավելի հասցեավորված աշխատանքները տանենք։ Օրինակ ես այսօրվանից սկսելու եմ Գրողների միության մոտից քայլել և ամեն օր՝ մի օր կլինեմ Կենտրոնում, մյուս օրը Էրեբունիում, որպեսզի շփվեմ, բուկլետներ բաժանեմ և այլն, և այլն», - նշեց Մելքումյանը։

Մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը ԲՀԿ-ական թեկնածուները ակնկալիքներից և ապագա խորհրդարանում իրենց ցանկալի տեղից չեն խոսի, ժողովուրդը իր վստահության քվեով՝ կորոշի Ծառուկյանի գլխավորած ուժի տեղը խորհրդարանում, ասում է Գևորգ Պետրոսյանը։

«Ցանկացած կայացած քաղաքական ուժ, բնականաբար, պետք է ձգտի առավելագույնին։ Բայց այսօր այդպիսի դերաբաշխում անելը, որ դուք ասում եք, ենթադրենք, ձեր նշած կուսակցությունը ասում է՝ մենք երկրորդն ենք լինելու, այսինչը՝ երրորդը, այնինչը՝ չորրորդ, ես արդեն առիթներ ունեցել եմ նման գնահատականներ հնչեցնելու, հիմա էլ չեմ զլանա հերթական անգամ պիտակավորել՝ սա ոչ ավել, ոչ պակաս՝ ժողովրդի նկատմամբ արհամարհական վերաբերմունք է, որովհետև եթե ժողովուրդը դեռ չի արտահայտել իր մոտեցումը, մենք իրավունք չունենք մեր համար դերաբաշխումներ կատարել, մեր համար տեղեր որոշել», - նշեց Պետրոսյանը:

Խորհրդարանում 2-րդ տեղի՝ իշխանության գլխավոր ընդդիմախոսի դերը զբաղեցնելու հավակնության մասին հայտարարել են նախկին իշխանություն Հանրապետական, «Լուսավոր Հայաստան», «Սասնա ծռեր» կուսակցությունները, «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, «Մենք» դաշինքը:

Ծառուկյանի գլխավորած կուսակցությունն այս անգամ ընտրողներին կներկայանա 36 փոփոխության առաջարկով և «Հավատա՛, վստահի՛ր, պահանջի՛ր» կարգախոսով: