Մեյ․ ԵՄ առաջնորդների հավանությանն արժանացած համաձայնագիրը «Բրեքզիթ»-ի շուրջ միակ հնարավոր փաստաթուղթն է

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ, Բրյուսել, 25-ը նոյեմբերի, 2018թ․

Կիրակի երեկոյան Բրյուսելում Եվրամիության անդամ 27 պետությունների ղեկավարները հավանություն են տվել Մեծ Բրիտանիայի` դաշինքը լքելու, «Բրեքզիթ»-ի շուրջ համաձայնագրի նախագծին:

Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ՝ մոտ 600-էջանոց այս փաստաթղթի քննարկումը մեկ ժամից էլ քիչ է տևել:

Եվրամիության ղեկավարները կողմ են քվեարկել նաև համատեղ քաղաքական հռչակագրին, որով հստակեցվում են Լոնդոնի և Բրյուսելի հետագա հարաբերությունները:

«Այսօր հավանության արժանացած համաձայնագիրը «Բրեքզիթ»-ի շուրջ միակ հնարավոր փաստաթուղթն է: Բրիտանական խորհրդարանն այս հարցով քվեարկություն կանցկացնի մինչև Ծննդյան տոները», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: