Փաշինյանը վաղը քարոզարշավը կսկսի Թալին քաղաքից

Վաղը մեկնարկում է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավը։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց, որ ակտիվորեն կմասնակցի քարոզարշավին։

«Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Փաշինյանը հայտարարեց վաղվա իր ծրագրերի մասին՝ նշելով, որ քարոզարշավը կսկսի Արագածոտնի մարզի Թալին քաղաքից։

«Ժամը 11։00-ին կլինենք Արագածոտնի մարզի Թալին քաղաքում և Թալինի համայնքապետարանի հարակից հրապարակում կհանդիպենք թալինցիների հետ», - ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ նշելով, որ ապա կլինեն Մարալիկիում, Արթիկում։

«Ժամը 13։00-ին կլինենք քաղաք Մարալիկում։ Մարալիկցիների հետ կհանդիպենք Մարալիկի կենտրոնական հրապարակում։ Դրանից հետո՝ 15։00-ին կլինենք Արթիկում, հանդիպումը տեղի կունենա Արթիկի կենտրոնական հրապարակում։ Իսկ արդեն ժամը 17։00-ին Գյումրիում համայնքապետարանի դիմաց՝ Վարդանանց հրապարակում կհանդիպենք մեր սիրելի գյումրեցիների հետ», - ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ շարունակելով․ - «Հույս ունեմ, որ վաղը կտեսնվենք՝ բարձր և հաղթական տրամադրվածությամբ»։

Նշենք, որ քարոզարշավը կարճ է տևելու, այն ավարտվելու է դեկտեմբերի 7-ին, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։