«Հիշե՛ք, որ բոլորիցս և յուրաքանչյուրիցս է կախված Հայաստանի ապագան». նախագահն ուղերձ է հղել քարոզարշավի մեկնարկի առթիվ

Armenia - Armen Sarkissian, President of Armenia, undate

Երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 26-ին մեկնարկում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավը։

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ուղերձ է հղել քարոզարշավի մեկնարկի առթիվ:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, ուղերձում մասնավորապես ասված է․ - «Նոյեմբերի 26-ին մեկնարկում է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավը:

Այս ընտրություններն ապրիլ-մայիսյան մեծ փոփոխություններից հետո Հայաստանի քաղաքական կյանքի կարևորագույն իրադարձությունն են, որի արդյունքները շատ էական են երկրի զարգացման և հեռանկարների առումով:

Յուրաքանչյուրիցս պահանջվում է բարձր պատասխանատվություն և գիտակցություն՝ ինչ պաշտոնում էլ լինենք, ինչ հնարավորություններ էլ ունենանք:

Ուստի դիմում եմ պետական մարմիններին. արժանապատվորեն շարունակե՛ք ձեր օրինական պարտականությունների և սահմանադրական պահանջների կատարումը։ Վստահ եմ, որ ազատ, հավասար ու օրինական ընտրություններն այլևս մեր նոր պատմության անբաժանելի մասն են։

Դիմում եմ ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություններին և դաշինքներին. հույս ունեմ, որ մեծագույն պատասխանատվությամբ եք մոտեցել ձեր քաղաքական հայտերի՝ թիմերի և ծրագրերի ձևավորմանը: Դրանք ուղենշելու են Հայաստանի հետագա զարգացման ճանապարհները:

Հավատարիմ եղե՛ք ձեր դավանած արժեքներին, միևնույն ժամանակ, հարգալից ու բարեկիրթ՝ միմյանց նկատմամբ։

Գալիք ընտրություններում հաջողություն եմ մաղթում մասնակից բոլոր քաղաքական միավորներին:

Դիմում եմ մեր քաղաքացիներին. ծրագրերի քննարկման ժամանակ եղե՛ք պահանջատեր, լսե՛ք բոլորին, որպեսզի տեղեկացված և գիտակցված կերպով կատարեք ձեր ընտրությունը։ Կայացրե՛ք ձեր որոշումը Հայաստանի զարգացման ձեր պատկերացումներին, ձեր արժեքներին համապատասխան:

Հիշե՛ք, որ բոլորիցս և յուրաքանչյուրիցս է կախված Հայաստանի ապագան։

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը, ողջ հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին»:

Նշենք, որ քարոզարշավը կտևի մինչև դեկտեմբերի 7-ը, ընտրությունները դեկտեմբերի 9-ին են։

Ընտրություններին կմասնակցի 11 քաղաքական ուժ՝ ինը կուսակցություն և երկու դաշինք: «Իմ քայլն» ընտրություններին գնում է «Քաղաքացիական պայմանագիր» և Առաքելություն կուսակցությունների հետ դաշինքով, ցուցակը գլխավորում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորում է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: «Բարգավաճ Հայաստան»-ը ընտրություններին մասնակցելու է կուսակցության ձևաչափով: Ցուցակը գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: ՀՅ Դաշնակցության ցուցակը գլխավորում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Լուսավոր Հայաստան»-ը ընտրություններին կմասնակցի կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ: «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում է կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։

«Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները ընտրություններին կմասնակցեն «Մենք» դաշինքով: Դաշինքը գլխավորում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, նրան հաջորդում է «Ազատ դեմոկրատներ»-ի առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը:

Նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցության առաջին համարը «Սասնա ծռեր»​ խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն է:

Ընտրություններին մասնակցելու են նաև նորաստեղծ «Քաղաքացու որոշում», «Ազգային Առաջընթաց», ինչպես նաև «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունները: