Ինգուշեթիայի Սահմանադրական դատարանը հրաժարվում է մասնակցել Ռուսաստանի ՍԴ նիստին

Արխիվ ֊֊ Բողոքի ակցիա Ինգուշեթիայում

Ինգուշեթիայի Սահմանադրական դատարանը հրաժարվում է մասնակցել Ռուսաստանի Սահմանադրական դատարանի հրավիրած նիստին, որի ընթացքում պետք է քննարկվի Ինգուշեթիայի և Չեչնիայի միջև տարածքների փոխանակման մասին աղմկահարույց համաձայնագիրը:

Ինգուշեթիայի Սահմանադրական դատարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ փաստաթղթի սահմանադրականության հարցի ուսումնասիրությունը չի մտնում Ռուսաստանի Սահմանադրական դատարանի իրավասությունների շրջանակի մեջ, ևս մեկ անգամ պնդելով, որ Ռուսաստանի կազմի մեջ մտնող երկու հանրապետությունների ղեկավարների միջև կնքված համաձայնագիրը չի համապատասխանում Ինգուշեթիայի Սահմանադրությանը:

Բողոքի ալիք բարձրացրած և զանգվածային աննախադեպ ցույցերի տեղիք տված վիճահարույց համաձայնագիրը, ըստ ինգուշների, բավարարում է միայն Գրոզնիի տարածքային պահանջները, որն ավելի քան երկու տասնամյակի պատմություն ունի:

Խորհրդային Միության փլուզումից հետո սահմանակից երկու պետությունները չեն կարողանում կիսել, մասնավորապես, Սունժայի շրջանը:

Ինգուշեթիայի ղեկավար Յունուս-Բեկ Եվկուրովը ավելի վաղ դիմել էր Դաշնության բարձրագույն դատական մարմնին՝ փաստաթղթի օրինականությունը ստուգելու խնդրանքով: