Ոստիկանությունը պարզաբանում է տարածել Ժիրայր Սեֆիլյանի հայտարարության առնչությամբ

Ոստիկանությունը «Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանին մեղադրում է ստախոսության մեջ:

«Ազատության» հետ զրույցում Սեֆիլյանն այսօր հայտարարել էր, թե ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը խոչընդոտում է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների հետ հանդիպելու իրենց ջանքերը:

«Վերջին ատյանի ճշմարտության կեցվածք ընդունած Սեֆիլյանը բազմակի է ստում: Նախ` ոստիկանության պետը խնդիր չունի որևէ հարցում խոչընդոտելու զոհվածների ընտանիքիներին: Պատճառը, կարծում ենք, լրացուցիչ պարզաբանման կարիք չունի:

Սեֆիլյանը հայտարարություն է անում Յուրի Տեփանոսյանի սպանության հանգամանքների մասին, որը որևէ փաստարկ ու հիմնավորում չունի և սնվում է զուտ իր երևակայությունից:

Ժիրայր Սեֆիլյանին կոչ ենք անում հիմնավորել իր բարձրագոչ հայտարարարությունը կամ էլ հրաժարվել մերկապարանոց մեղադրանքներ տարածելու գործելակերպից», - ասված է ՀՀ ոստիկանության տարածած պարզաբանման մեջ: