«Արցախում իշխանափոխության միջոցով կանխելու ենք հավանական պայթյունը»․ Ժիրայր Սեֆիլյան

«Սասնա ծռեր» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է «Ժամանակն է» կարգախոսի ներքո:

«Ժամանակն է գողոնը հետ վերադարձնելու, ժամանակն է հանցագործներին օրենքի առաջ պատասխանատվության ենթարկելու և այսպես շարունակ․ մեր կարգախոսն է՝ ժամանակն է», - այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Սասնա ծռերի» նախընտրական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը:

Նրա խոսքով՝ գնում են խորհրդարան նախ և առաջ նախկին ուժերին՝ Հանրապետականին, «Բարգավաճ Հայաստանին», Դաշնակցությանն ու «Օրինաց երկրին» թույլ չտալու կրկին մուտք գործել խորհրդարան: Սեֆիլյանի փոխանցմամբ այդ հարցում իրենք ունեն հատուկ առաքելություն ու նաև ներուժ: - «Կարծում եմ, որ մեր մասնակցության պատճառով այդ ուժերից որևէ մեկը չի հայտնվելու Ազգային ժողովում», - հայտարարեց «Սասնա ծռերի» նախընտրական շտաբի ղեկավարը:

Ժիրայր Սեֆիլյանի համոզմամբ դեկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանը երկար կյանք չի ունենալու՝ ամենաշատը 1.5 -2 տարի հետո նոր ընտրություններ են լինելու, քանի որ այն արմատական փոփոխությունները, որոնք պետք է կատարվեին հեղափոխությունից հետո մինչև այսօր տեղի չեն ունեցել: Մասնավորապես՝ պետք է Ընտրական օրենսգիրքը բարեփոխվեր, Հանրապետական կուսակցությունը կասեցվեր, քաղաքական և տնտեսական լյուստրացիա պետք է տեղի ունենար, պատասխանատվության պետք է ենթարկվեին նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Այս ամենը «Սասնա ծռերը» փորձելու են իրականացնել խորհրդարանում:

«Այս հարցում բնական է, որ մենք հավակնում ենք երկրորդ բևեռ լինելուն և այդ ներուժը ունենք: Ավելին՝ մենք այդպես ենք պատկերացնում զարգացումը», - նշեց Սեֆիլյանը:

Հարցին, թե արդյոք ՊՊԾ գնդի վրա «Սասան ծռերի» հարձակման և 3 ոստիկանների սպանության փաստը, ընտրություններում բացասական ազդեցություն չի թողնի կուսակցության վրա, Ժիրայր Սեֆիլյանն ասաց, թե իրենց մտահոգողը այդ բացասական ազդեցությունը չէ, այլ ցավը, որ հնարավոր չեղավ խուսափել մարդկային զոհերից: Ի դեպ, Սեֆիլյանն ասաց, թե բացահայտում է ուզում անել, մասնավորապես, որ իրենք փորձել են հանդիպել սպանված 2 ոստիկանների հարազատներին, սակայն դա իրենց չի հաջողվում ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի պատճառով:

«Օսիպյանի՝ ավելի ճիշտ Օսիպովի պատճառով այդ գործընթացը կիսատ է մնացել: Նա ամեն ձևի խանգարելա մեզ մոտենալ այդ ընտանիքներին՝ տարբեր ձևերով օգտագործելով իր պաշտոնը: Ավելի շատ՝ փորձել են ընտանիքներին այնպիսի հոգեվիճակում պահպանել, որ նրանք հրաժարվեն մեր հետ հանդիպել», - հայտարարեց Սեֆիլյանը: - «Դժբախտաբար այս վերջին ամիսներին առիթ չեղավ հանդիպելու պարոն Փաշինյանի հետ, թե չէ այս ամենը ես պատրաստ էին նաև իրեն փոխանցելու: Այլ բաներ էլ կան, այդ մասին ես հավանաբար կփոխանցեմ պարոն Փաշինյանին»:

Ուշագրավ է, որ Հայաստանում արմատական փոփոխություններ իրականացնելուց բացի, «Սասնա ծռերը» ծրագրում են նաև իշխանափոխություն անել Արցախում, ինչպես Սեֆիլյանը շեշտեց՝ հնարավոր պայթյունը կանխելու համար․ - «Այսօրվանից մենք հայտ ենք ներկայացրել գործող իշխանություններին՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ: [Որպեսզի] գտնվի այն ճանապարհային քարտեզը, որը առանց ցնցումի կապահովի իշխանափոխությունը»:

«Ազատության» դիտարկմանը, թե՝ մեկ տարի հետո Լեռնային Ղարաբաղում ընտրությունների միջոցով լինելու է իշխանափոխություն, Սեֆիլյանը պատասխանեց․ - «Եթե սպասենք մի տարի կարող է պատահի ցնցումով լինի: Այդպիսի իրավիճակ է: Անհամբեր են արդեն մարդիկ: Այս մեկուկես ամսվա մեր գործունեությամբ մենք մի կերպ ենք զսպում այդ ամենը: Եվ ես համոզված եմ, որ գործող իշխանությունները այդ խոհեմությունը կունենան և հանգիստ այդ լուծումը կգտնվի»:

Հարցին էլ, թե ե՞րբ են նախատեսում սկսել այդ բանակցությունները կամ իշխանափոխության գործընթաց նախաձեռնել Լեռնային Ղարաբաղում, Սեֆիլյանը պատասխանեց․ - «Հնարավորինս շուտ: Բնականաբար՝ ընտրություններից հետո»:

Ի դեպ՝ 18 տարվա պայքարից հետո միայն վերջերս Սեֆիլյանին հաջողվեց ստանալ Հայաստանի քաղաքացիություն, և քան որ Նիկոլ Փաշինյանը ընդամենը օրեր առաջ է ստորագրել նրան քաղաքացիություն շնորհելու փաստաթղթերը, Սեֆիլյանը դեռևս չի հասցրել անդամակցել «Սասնա ծռեր» կուսակցությանը: Նաև քաղաքացիության խնդրի պատճառով նա չկարողացավ գրանցվել որպես պատգամավորության թեկնածու և ընդգրկվել «Սասնա ծռերի» նախընտրական ցուցակում: Սա քաղաքական հարց էր, թե զուտ իրավական և արդյոք իսկապես հնարավորություն չկար, ինչպես ինքն էր ակնկալում՝ հետին թվով քաղաքացիություն ստանալ․ Ժիրայր Սեֆիլյանը չի ցանկանում պատասխանել այդ հարցին: - «Նախընտրական տրամադրությունների հետ ես չէի ուզի մանրամասնել», - միայն ասաց նա: