«Հին Երևան» ծրագիրը պետք է իրականացվի առանց որևէ պատմամշակութային հուշարձան քանդելու, այսօր հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի ուղեկցությամբ Արամի, Բյուզանդի և Կողբացի փողոցներով, շրջայց կատարելու ժամանակ, որտեղ նախատեսվում է իրականացնել «Հին Երևան» ծրագիրը:
Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Արամի 23 հասցեում գտնվող «Հայ փոքրիկ երգիչներ» կազմակերպությանը պատկանող պատմամշակութային հուշարձան-շենքում, որի պատերից մեկը «Հին Երևան» ծրագրի շրջանակում իրականացված հողային և շինարարական աշխատանքների հետևանքով փլուզման վտանգի տակ է:
Փաշինյանը կարևորել է նշված շենքի հետ կապված խնդրի լուծումը և ընդգծել, որ «Հին Երևան» ծրագիրը պետք է իրականացվի առանց որևէ պատմամշակութային հուշարձան քանդելու:
«Այս հարցում պայմանավորվել ենք ծրագիրն իրականացնող ներդրողի հետ, գնդակն այժմ ճարտարապետների դաշտում է, որոնք պետք է կարողանան համապատասխան լուծումներ առաջարկել: Պատմամշակութային հուշարձանների պահպանման սկզբունքը պետք է հստակ դրվի և այսուհետ բոլոր շինարարություններն արվեն այդ սկզբունքը խստորեն պահպանելով», - ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:
Փաշինյանի խոսքով՝ քաղաքապետարանի ռազմավարական խնդիրը պետք է լինի Երևանի կենտրոնն ու կանաչ տարածքներն ընդլայնելը:
«Կանաչ տարածքների վերականգնման առումով Բնապահպանության նախարարությունը ևս ունի լուրջ ծրագրեր և անհրաժեշտ է սերտորեն համագործակցել այդ ուղղությամբ», - ասել է Փաշինյանը:
Ըստ Հայկ Մարությանի և Արթուր Մեսչյանի, այժմ քաղաքապետարանը ստանում է կառուցապատման բազմաթիվ ներդրումային ծրագրերի հայտեր, որոնք վերահասցեագրվում են Երևանի տարբեր վարչական շրջաններ՝ կենտրոնն ընդլայնելու նպատակով:
Անդրադառնալով հատկապես քաղաքի կենտրոնում առկա անավարտ շինարարություններին՝ Արթուր Մեսչյանն ասել է, որ քաղաքապետարանը ներկայումս ուսումնասիրում է բոլոր գործիքակազմերը, որոնց կիրառումը կխթանի կիսակառույցներն ավարտին հասցնելու գործընթացը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է նշված ուղղություններով հետևողական աշխատանքների իրականացումն ու նշել, որ ներդրողների հետ ակտիվ երկխոսությունը խնդիրների լուծման, ներդրումային ծրագրերի կյանքի կոչման լավագույն տարբերակն է: