«Յուրաքանչյուրին իր տեղն ենք դնելու օրենքով». Լոռիի ոստիկանապետը՝ համայնքապետերին

«Յուրաքանչյուրին իր տեղն ենք դնելու օրենքով», - ասաց նա։

Այսօր Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը համայնքապետերին վստահեցրեց, որ բացառիկ իդեալական ընտրություններ անցկացնելու համար օրենքով արգելված ամենաչնչին խախտումներն անգամ պատժվելու են։ Նա համայնքների ղեկավարներին հորդորեց պատասխանատվությամբ վերաբերվել ընտրական պրոցեսին և ոստիկանության հետ համագործակցել՝ տեղեկացնելով բոլոր թեկնածուների կողմից կատարվող հակաօրինական գործողությունների մասին։

«Չի եղել որևիցե ընտրություն, որ թերություններ չունենա, բայց մենք պարտավոր ենք բոլորս համատեղ ջանք ու եռանդ չխնայել, որպեսզի ունենանք իդեալական ընտրություններ՝ ամեն ինչի վրա հատուկ ուշադրություն դարձնելով», - նշեց Արամ Ղազարյանը։

Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը շեշտեց, որ ընտրակաշառքը միայն գումարի տեսքով չէ։ Պահանջները խստացվել են նաև ընտրողների փոխարեն կոմունալ վարձ վճարողների, խանութի պարտք փակողների, սննդամթերք նվիրողների կամ աշխատատեղ խոստացողների նկատմամբ։

«Չեմ ցանկանա մեր մարզում նմանատիպ երևույթներ ընդհանրապես արձանագրվեն։ Իսկ լինելու պարագայում իմացեք, որ մենք ունենք բավարար ներուժ յուրաքանչյուր դրսևորում հայտնաբերելու և օրենքի ողջ խստությամբ պատժելու», - ասաց Արամ Ղազարյանը։

«Մի փորձեք կազմակերպել ընտրողների քվեարկությունը և տեղամասերում վերահսկության պարտավորություն մի ստանձնեք», - համայնքապետերից պահանջեց նա։ - «Անձամբ քվեարկելուց հետո հեռացեք տեղամասից և զբաղվեք ձեր գործերով: Թե՛ թեկնածուների, թե՛ մեր ազգաբնակչության մոտ քանի որ մարդկանց երբեմն նման իրավիճակներում ինչ-որ տեղ ներվել են, իմացեք, որ հիմա չի լինելու։ Այնպես չլինի, որ վաղը որևիցե համայնքի ղեկավար ծառայողից նեղանա, ասի՝ բա ես էս համայնքի ղեկավարն եմ, իրավունք չունե՞մ ստեղ ներկա գտնվելու։ Իմացեք, որ իրավունք չունեք»։

Գյուլագարակի համայնքապետը հարցրեց, թե քվեարկության օրը ընտրատեղամասից հեռու գտնվելով ինչպես կարող են աջակցել ոստիկանների հետ վեճերի դեպքում։ Ի պատասխան վարչության պետն ու Լոռու մարզպետը հորդորեցին հանգիստ լինել. - «Նախ թույլ չենք տա ոստիկանների հետ վեճ լինի, մեկ: Բայց հիմքում դնելով, թե համայնքի ղեկավարը ինչ նպատակով է այդտեղ կանգնած, խնդրում եմ ոչ մեկ նման պրոցեսների մեջ չներգրավվի։ Պարոն Գևորգյան, Դուք ուզում եք անընդհատ առաջ գնաք, ես խորհուրդ կտամ չգնաք էլի։ Շառից հեռու, փորձանքից հեռու, հանգիստ Դուք Ձեր տեղը գնացեք ընտրության ու էլ առաջ մի գնացեք»։

Համայնքապետերն ազատվեցին նաև նախընտրական հանդիպումներ կազմակերպելու, լեփ-լեցուն դահլիճ ապահովելու նախկինում ունեցած պարտավորությունից՝ անգամ իշխանության թեկնածուների համար։

«Զանգում են համայնքի ղեկավարին խնդրում, որ հավաքվի ժողովուրդ, որպեսզի քարոզարշավը անցկացնեն։ Մենք իրավունք ունե՞ն հավաքելու ամեն թեկնածուի համար էլի չընտրելով», - հարցրեց հմայնքապետը, որին ի պատասխան Արամ Ղազարյանը ասաց. «Դուք նման պարտավորվածություն չունեք։ Եթե այդ թեկնածուն ուզում է հանդիպում կազմակերպել, կարող է իր աջակիցներին, ակտիվիստներին ուղարկել՝ համայնքում իրազեկեն և հադիպումը կազմակերպեն։ Դուք հանդիպում կազմակերպող չեք և նման պարտավորվածություն չունեք։ Էլի եմ ասում անկախ նրանից, թե ով է այդ հանդիպումը ձեզնից ակնկալում»։

Դսեղի համայնքապետ Գառնիկ Հովսեփյանը, որ նախկինում շտաբների ձևավորման հարցում անմիջական մասնակցություն է ունեցել, հարց ուղղեց՝ «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցությունը Դսեղում շտաբ բացել է, թե ոչ։

«Դուք բացելու հետ բնականաբար գործ չունեք», - պատասխանեց վարչության պետը։

Եղեգնուտի երկարամյա գյուղապետ Միշա Հովհաննիսյանն իմի բերելով օրվա խոսք ու զրույցը, կասկածեց՝ գյուղապետերը ձեռքները ծալեն՝ ընտրողը տեղամաս չի գնա։

«Արդյոք ընտրողները ակտիվ մասնակցություն կունենան, եթե մենք չենք միջամտում նախկինի նման։ Ինքնակամ եկողների քանակը քիչ է լինելու։ Մնում է թեկնածուների ուսերին», - նշեց Միշա Հովհաննիսյանը։

Լոռին ունի մոտ 238 հազար ընտրող՝ մարզերից մեծությամբ երկրորդը Կոտայքից հետո։