Եթե նոյեմբերի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կեղծվի, ապա Վրաստան - ԵՄ ազատ վիզային ռեժիմը կարող է չեղարկվել: Այս մասին չորեքշաբթի երեկոյան Բրյուսելում հայտարարել են Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներից մի քանիսը` Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպման ժամանակ:
«Պետք է հստակ ուղերձ հղել, որ ընտրությունների կեղծումը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի խախտում է և հակասում է այն արժեքներին, որոնց իր հավատարմությունն է հայտնել Վրաստանը՝ ստորագրելով այդ պայմանագիրը: Եթե ընտրությունները կեղծելուն ուղղված այս գործողություններին վերջ չտրվի, ապա կարող են հետևանքներ լինել, մասնավորաբար՝ Ասոցացման համաձայնագրի և Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմի գործողության դադարեցում», - հայտարարել է Եվրոպական խորհրդարանի` Լեհաստանից ընտրված պատգամավոր Յացեկ Սարիուշ-Վոլսկին:
Լեհ պատգամավորի խոսքով, կեղծ անձնագրերի զանգվածային տպագրության մասին վերջին օրերին Թբիլիսիից ստացվող տեղեկությունները վկայում են, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը «առաջիկա քվեարկության արդյունքները կեղծելու լուրջ մտադրություն ունի»:
Էստոնացի պատգամավոր Տուննե Քելամի համոզմամբ, լուրջ մտահոգության տեղիք է տալիս Վրաստանի կառավարության` երկրի ավելի 600 հազար քաղաքացիների բանկային պարտքերը չեղարկելու մասին որոշումը:
«Կարո՞ղ եք դուք հաստատել այս տեղեկությունները և պարզաբանել, թե ինչո՞ւ է այս որոշումը կայացվել ընտրությունների երկրորդ փուլից հաշված օրեր առաջ, երբ իշխող կուսակցության թեկնածուն մրցում է միացյալ ընդդիմության ներկայացուցչի հետ: Արդյո՞ք այս ամենը չի կարելի որպես աննախադեպ չափերի հասնող ընտրակաշառք դիտարկել», - դիմելով Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին՝ հարցրել է էստոնացի պատգամավորը:
Լատվիայի նախկին արտգործնախարար Սանդրա Կալնիետեի տեսակետը այս հարցում ևս միանշանակ է` իշխող կուսակցությունը այս քայլով փորձում է ազդել ընտրությունների արդյունքների վրա․ - «Ինձ թվում է, որ այս քայլով ավելի քան կես միլիոն քաղաքացիներ երկրի ամենահարուստ և քաղաքականապես ամենաազդեցիկ մարդու ղեկավարած հիմնադրամի պատանդների են վերածվում: Հաշվի առնելով այս որոշման հրապարակման ժամանակահատվածը` այն միանշանակորեն կարելի է դիտարկել որպես նախագահական ընտրությունների եզրափակիչ փուլից առաջ հարյուր հազարավոր ընտրողների վրա ազդելու փորձ»:
Դավիթ Զալկալիանին սակայն կտրականապես հերքել է եվրոպացի պատգամավորների հնչեցրած բոլոր մեղադրանքները: Բիձինա Իվանիշվիլիի հովանու ներքո գործող հիմնադրամի կողմից 600 միլիոն դոլար կազմող պարտքերի չեղարկման փաստը Վրաստանի արտգործնախարարը ընտրակաշառք չի համարում․ - «Դա բյուջետային գումար չէ: Այդ միջոցները ուղղվելու են բարեգործական հիմնադրամից: Այնպես որ, չեմ կարող համաձայնել այն պնդմանը, թե սա ընտրակաշառք է կամ ընտրությունների կեղծում»:
Ինչ վերաբերում է կեղծ անձնագրերի տպագրությանը, ապա նման տեղեկատվության տարածումը, ըստ Վրաստանի արտաքին գործերի նախարարի, միայն մեկ նպատակ ունի` հանրության շրջանում այնպիսի տրամադրություններ սերմանել, որ քվեարկության արդյունքների չընդունումը ընդդիմության կողմից ավելի դյուրին լինի:
«Որտե՞ղ են ապացույցները: Որտե՞ղ են կոնկրետ օրինակները: Դատախազությունն այս տեղեկատվության հրապարակումից անմիջապես հետո արձագանքել է, սկսել է հետաքննել, սակայն այդ տեղեկությունները տարածողներից և ոչ մեկը որևէ անուն չի հրապարակել: Ամեն դեպքում այդ հետաքննությունը շարունակվելու է, և մենք ապացույցներ կներկայացնենք, որ այդ տեղեկատվությունը կեղծ է», - հայտարարել է Վրաստանի արտգործնախարարը:
Բրյուսելում ծավալված քննարկումներին զուգահեռ Բելգիայի մայրաքաղաք էր ժամանել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Նրա համոզմամբ, եվրոպացի պատգամավորների պահվածքը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին վկայում է, որ «Վրացական երազանքը» կորցնում է արտաքին լեգիտիմության վերջին փշրանքները․ - «Եվրոպական խորհրդարանում այսօր խոսում են այն մասին, որ օլիգարխները շարունակաբար ընտրակաշառք են բաժանում, կեղծ անձնագրեր են տպում, ինչը ընտրությունների ուղղակի կեղծում է: Դա նշանակում է, որ Եվրոպան օլիգարխ Իվանիշվիլիին գող է համարում: Այսօր Եվրոպան վրացական կառավարությանը կարմիր քարտ ցույց տվեց»: