Ընտրություններին կաշառք տվողն ու վերցնողը կպատժվեն օրենքի ողջ խստությամբ. Օսիպյան

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ոստիկանության մոտեցումը լինելու է խիստ, չի զիջելու, կաշառք տվողի ու կաշառք վերցնողի նկատմամբ հանդուրժող չի լինելու, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Նա ընդգծեց՝ կաշառք տվողն ու վերցնողը կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։

«Վստահեցնում եմ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ոստիկանությունն է՛լ ավելի խիստ է լինելու, քան այն, ինչ-որ ունեցել ենք սեպտեմբեր ամսին։ Ես արդեն հանձնարարել եմ՝ մեր մոտեցումը լինելու է խիստ, չենք զիջելու որևէ մեկին, հանդուրժող չենք լինելու որևէ մեկի նկատմամբ՝ թե՛ կաշառք տվողը, թե՛ կաշառք վերցնողը, կապ չունի դա լինելու է գումարի տեսքով, թե ինչ-որ առարկայով, իրով կամ՝ խոստումով, բոլորը ենթարկվելու են պատասխանատվության՝ օրենքի ողջ խստությամբ, վստահեցնում եմ ձեզ», - ասաց Օսիպյանը։

Հարցին, թե ոստիկանությունը օպերատիվ, հստակ տեղեկություններ ունի՞ ընտրակաշառքի, կամ ուղղորդումների վերաբերյալ, Հայաստանի ոստիկանապետը պատասխանեց. - «Մենք գիտենք, թե ովքեր կարող են, կամ ով կարող է այդ ամենով զբաղվել և մենք պահում ենք մեր տեսադաշտում»։

Ճշտող հարցին, թե կա՞ն քաղաքական ուժեր, կամ թեկնածուներ, ովքեր կաշառք տալու փաստով արդեն ոստիկանության օպերատիվ տեսադաշտում են, Օսիպյանը պատասխանեց. - «Մենք ամեն ինչ էլ ունենք, օպերատիվ տեսադաշտում բոլորը կան՝ նրանք, ովքեր հնարավոր է, կարող են թույլ տալ օրենքի նմանատիպ խախտումներ, մենք պահում ենք տեսադաշտում»։

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։