Հանրապետականի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ այսօրվա իշխանությունը կրկնում է այն, ինչի համար ժամանակին իրենց էին մեղադրում․ - «Այն, ինչի համար Փաշինյանը և նրա կառավարությունը քննադատում էր տարիներ շարունակ Հանրապետական կառավարություններին, մենք տեսնում ենք, որ ավելի մեծ թափով, և ոչ միայն վարչական ռեսուրսի հետ կապված, իրականացնում է ինքը։ ԿԸՀ-ն պետք է իրականացնի ճիշտ որոշում, որը բխում է Սահմանադրությունից», - նշեց Շարմազանովը։
Ինչ վերաբերում է Երևանում շաբաթ օրը նախատեսված քայլերթին, որի մասին այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, Էդուարդ Շարմազանովն ասաց․ - «Ակնհայտ դարձավ, որ Փաշինյանի և նրա կառավարության անդամների մոտ ավելի լավ ստացվում է քայլելը և միտինգներ կազմակերպելը, քան տնտեսություն զարգացնելը և աշխատատեղեր ստեղծելն ու ներդրումներ բերելը։ Ում մոտ ինչ լավ ստացվում է, նա պետք է դրանով զբաղվի։ Հավանաբար պարոն վարչապետն էլ հասկացավ, որ իր մոտ տնտեսություն զարգացնելը, երկիր կառավարելը վատ է ստացվում կամ ընդհանրապես չի ստացվում, և նա որոշեց զբաղվել իր հարազատ գործով՝ քայլերթեր կազմակերպել։ Հուսով եմ, մի օր ինքը ամբողջությամբ կզբաղվի քայլերթեր կազմակերպելով, իսկ կառավարության գործը կտա ավելի պրոֆեսիոնալ գործիչների»:
Հարցին, թե քարոզարշավը ինչպես են իրականացնելու, Շարմազանովը պատասխանեց. «Ամեն ինչ էլ անելու եմ։ Զուռնա-դհոլ էլ ա ժողովուրդը նվագելու, քայլարշավ էլ եմ անելու, լոռեցիքի հետ հանդիպելու եմ, երգելու էլ եմ, պարելու էլ եմ։ Խոսելու եմ ժողովրդի հետ ինչպես հիմա եմ անում»։
Հանրապետություն կուսացության ղեկավար Արամ Սարգսյանի կարծիքով՝ անկախ նրանից՝ օրենքը արգելում է, թե ոչ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցերը կարող են վարչական ռեսուրսի օգտագործում համարվել, իսկ ինքը չէր ցանկանա, որ ինչ որ բան ստվերեր առաջիկա արտահերթ ընտրությունները:
«Օրենքով արգելված է թե չե, միգուցե, ոչ։ Բայց դա չի էականը։ Հանրությունն այդ ինչպես է ընկալում։ Այս ընտրությունից հետո մարդիկ ընտրությանը գնահատական են տալու ու այս այցելությունները ինչ-որ առումով այդ ընտրության բովանդակությունը խամրեցնելու են, ինչը ես գտնում եմ, որ լավ չի։ Ես շատ կուզենամ, որ այս ընտրությունները Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լինեն աննախադեպ, չունենան ոչ մի բիծ, լինեն մաքրամաքուր, որևէ մեկը չհամարի, որ այստեղ ադմինիստրատիվ ռեսուրս է չարաշահվել», - ընդգծեց Արամ Սարգսյանը։
Դաշնակցությունը ևս կարծում է, որ վարչական ռեսուրս օգտագործվում է: կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանի նշեց. «Այս ձևին մենք վաղուց ծանոթ ենք։ Ճիշտ է դրանից 100 տոկոս ազատվել ոչ մի հասարակության չի հաջողվել, որովհետև միշտ իշխող ուժերը ունենում են այդ առավելությունը իրենց պաշտոնական դիրքը ուղղակի կամ անուղղակի քողարկված կամ բացահայտ իրականացնելու, բայց ես պարզապես կոչ կանեի, որ դրանք այդքան բացահայտ բնույթ չկրեն առնվազն, որ նման հետևությունների տեղիք չտան։ Եթբ որ այդպիսի բացահայտ դրսևորումներ են լինում, բացատրություններն ես լսում, այդ ժամանակ այսպես ասած տխուր դեժավյուի վիճակ է առաջանում»։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգավոր Ալեն Սիմոնյանը հակադարձում է՝ վարչական ռեսուրսներ չեն օգտագործում, ի տարբերություն քաղաքական դաշտի մյուս խոշոր ուժերի՝ Հանրապետականի, «Բարգավաճ Հայաստանի» և Դաշնակցության, որ իրենց լրատվամիջոցներն ունեն, իրենք որեւէ լրատվական միջոց չունեն, վարչական լծակները չեն չարաշահում:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի տիրապետում որևիցե հեռուստաալիքի, ի տարբերություն Հանրապետական կուսակցության, ի տարբերություն Դաշնակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների։ Բոլոր այն բաները, որը որ նախկինում եղել է ես բացառում եմ, և ինքս պարտավորվում եմ, եթե նման բան լինի, անկախ նրանից, թե ում է վերաբերում, դա բարձրաձայնեմ և խոսեմ դրա մասին», - նշեց Ալեն Սիմոնյանը։
Իսկ քայլարշավ, երթ, հանրահավաք կարող են իրականացնել բոլոր ուժերը՝ երբ ցանկանան, ասաց նա․ - «Թող իրենք իրենց ասելիքը ժողովրդին ասեն և այն բոլոր մարդկանցով, ովքեր որ համարում են, որ ձախողվել է, իրենք բոլորով երթ անեն։ Այսինքն այդ 2-3 հոգով, որ դեմ են քվեարկում քաղաքական թիմում ի ցույց են դնում, որ իրենք իբր արդեն առանձին, անհատ քաղաքական գործիչներ են, թող երթ անեն։ Մի հատ հեսա դուս գանք փողոց տեսնենք որքան մարդ է, օրինակ, պարոն Աշոտյանի գաղափարները կիսում։ Ես առաջարկում են պարոն Աշոտյանին Բաղրամյանով իջնել ու տեսախցիկները ուղեկցեն, տեսնենք ժողովուրդը ինչ կասի պարոն Աշոտյանին, իր ասածներին և առաջարկներին ի պատասխան»։
«Թրանսփարենսի ինթերնեյշնըլ» հակակոռուպցիոոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասում է՝ հայաստանյան օրենսդրությամբ դա վարչական ռեսուրսի չարաշահում չի համարվում, օրենքի խախտում չէ, բայց միջազգային չափանիշներով ըստ հոկտանյանի կարելի է արձանագրել, որ կառավարությունը վարչական ռեսուրս է օգտագործում: Սակայն Հոկտանյանը նաև շեշտում է՝ տհաճ է այժմ վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ մեղադրանքներ լսել հանրապետականից:
«Բավականի տհաճ է, երբ որ Հանրապետական կուսակցությունն է դա ասում։ Մենք տարիներով՝ 2007-ից, երբ որ մոնիտորինգ էինք իրականացնում վարչական ռեսուրսի չարաշահման, նրանք անընդհատ էին դա անում։ Մի քիչ գեղեցիկ չի ստացվում, որ իրենք են հիմա այդպես ակտիվ դարձել վարչական ռեսուրսի չարաշահման դեմ պայքարում։ Միջազգային չափանիշներով, այո, որովհետև ավելի շատ որքան ես ծանոթ եմ այդ ելույթին, ավելի շատ դա հակաքարոզչության բնույթ ուներ։ Հիշեցնենք Հանրապետականի ժամանակ մեր այդ արգումենտները, որ մենք բերում էինք, ասում էին, որ այդ պաշտոնյաների աշխատանքային օրը նորմավորված չի, հետևաբար դա աշխատանքային ժամ չի կարող համարվել։ Սա մյուս հանճարեղ միտքն էր հանրապետականի, իսկ հիմա նրանք կարծես թե այդ նորմավորվածի մասին մոռացել են». - ասաց Վարուճան Հոկտանյանը։