ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) իր տրամադրության տակ հեռախոսազրույցների ձայնագրություններ ունի, որոնցում Սաուդյան Արաբիայի փաստացի ղեկավար թագաժառանգ Մուհամեդ Բին Սալմանը կարգադրում է «որքան հնարավոր է արագ ստիպել լռել լրագրող Ջամալ Հաշոգիին»: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական աղբյուրները:
Օրերս ԿՀՎ-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ սաուդցի հայտնի լրագրողի սպանությունը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում, կարող էր պատվիրած լինել Մուհամեդ Բին Սալմանը:
Թուրքիայի նախագահի խոսնակը այսօր հայտարարել է, որ Ռեջեփ Էրդողանը առաջիկա օրերին Արգենտինայում՝ Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակում հնարավոր է հանդիպում ունենա Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ: