Կոսովոն 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանեց Սերբիայից և Բոսնիա-Հերցեգովինայից ներկրվող ապրանքների վրա

Կոսովոյի իշխանությունները 100-տոկոսանոց մաքսատուրք են սահմանել Սերբիայից ու Բոսնիա և Հերցեգովինայից ներկրվող ապրանքների համար: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի բալկանյան ծառայությունը:

Մաքսատուրքը տարածվում է բոլոր ապրանքների վրա՝ բացառությամբ երկու երկրներում արտադրվող միջազգային ապրանքատեսակների: Այն Պրիշտինայի պատասխանն է Բելգրադին, որը նախօրեին արգելափակել է Կոսովոյի անդամակցությունը Ինտերպոլին:

Շաբաթներ առաջ Կոսովոյի կառավարությունը 10-տոկոսանոց մաքսատուրք էր սահմանել Սերբիայից ու Բոսնիա և Հերցեգովինայից ներկրվող ապրանքների համար, ինչին այդ երկրները կոշտ արձագանքեցին՝ Կոսովոյի իշխանություններին մեղադրելով ազատ առևտրի մասին միջազգային պայմանագրերը խախտելու մեջ:

Կոսովոն Սերբիայից դե ֆակտո անջատվեց 1999 թվականին` ՆԱՏՕ-ի ձեռնարկած ռազմական գործողության արդյունքում: 2008-ի փետրվարին Կոսովոն միակողմանիորեն անկախություն հռչակեց, որը ճանաչել են աշխարհի 114 պետություններ: Սերբիան, սակայն, շարունակում է պնդել, որ Կոսովոն երկրի անբաժանելի մասն է: Այս հարցում Բելգրադին պաշտպանում են աշխարհի մի քանի տասնյակ պետություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից երկուսը` Ռուսաստանն ու Չինաստանը:

Եվրամիությունը փորձում է համոզել Բելգրադին և Պրիշտինային բարելավել հարաբերությունները, սակայն բանակցությունները առայժմ էական արդյունք չեն տվել: