«Կապ չունի մեր ընդդիմախոսներն ինչ են երեսով տալիս, էն որ իրենք մեզ ընդդիմախոս են, նշանակում է, որ ընդդիմությունը մենք ենք», - «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար, խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը։
Նա նշեց՝ միայն հակադիր բևեռներում հնարավոր է ունենալ ընդդիմություն և իշխանություն։
«Ազատություն». - Պարոն Սարգսյան, Ձեր փաստարկը գուցե համոզիչ է, որ կոշտ ընդդիմություն կլինեք, բայց դուք անընդհատ փորձն եք վկայակոչում, և ահա ձեր ընդդիմախոսները հենց դա էլ ձեզ, ինչպես ասում են, երեսով են տալիս՝ որ «ձեր փորձը ձեզ պահեք, որովհետև այն աղետալի վիճակի է հասցրել»։
Վիգեն Սարգսյան. - Կապ չունի իրենք ինչ են երեսով տալիս, էն որ իրենք մեզ ընդդիմախոս են, նշանակում է, որ ընդդիմությունը մենք ենք, որովհետև միայն հակադիր բևեռներում հնարավոր է ունենալ ընդդիմություն և իշխանություն։ Ճիշտ եք ասում՝ իրենք մեզ երեսով դա են տալիս, բայց իրենք պետք է հաշվի առնեն, որ էդ փորձի շնորհիվ է, որ այս տարիների ընթացքում երկիրը զարգացել է՝ եղել է խաղաղություն, եղել է սահմանների անվտանգություն, եղել է հաջող արտաքին քաղաքականություն՝ իր արդյունքներով, եղել է սահմանադրական լրջագույն բարեփոխում, որը մեզ տեղափոխել է կոշտ նախագահականից դեպի խորհրդարանական համակարգ։
«Ազատություն». - Սահմանադրական փոփոխություններից մեկուկես տարի հետո մարդիկ փողոց են դուրս գալիս։
Սարգսյան. - Իսկ ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ։
«Ազատություն». - Որովհետև Սերժ Սարգսյանն այդ հանրաքվեից հետո կարողացավ հնարավորություն ստանալ երրորդ ժամկետով պաշտոնավարել։
Սարգսյան. - Կներեք, Դուք է՞լ եք ուզում անպայման Ձեր կարծիքը պատմել, թե՞ ուզում եք իմ կարծիքը լսել։ Դե լսեք իմ պատասխանը, իմ փոխարեն ինձ հավասար խոսում եք։
«Ազատություն». - Չհակադարձե՞մ, հարց չտա՞մ։
Սարգսյան. - Թողեք պատասխանեմ, հետո, եթե մնա հակադարձելու բան, իհարկե կհակադարձեք։ Ես Ձեզ բացատրում եմ, որ միայն այդ սահմանադրական բարեփոխումների շնորհիվ հնարավոր եղավ շատ լուրջ տրանզիցիա կատարել կոշտ նախագահական համակարգից խորհրդարանականի, որտեղ, օրինակ, 30 տոկոս տարած ուժը, կամ 35, վաղը փողոցում չի հայտնվում, ինչպես դա եղավ նախագահական ընտրությունների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, այլ ունենում է իր խոսքը երկրի կառավարման գործընթացում, և դա միայն ուժեղ կուսակցությունը կարար իշխանություն ունենալով այդ անցումը կատարեր՝ նախագահականից խորհրդարանականի։ Միայն մեր այդ գործունեության արդյունքում ժողովրդավարական ազատությունները երկրում բերվեցին ինստիտուցիոնալ այն մակարդակի, որ մեր մոտ խոսքի ազատությունը, հավաքների ազատությունը եկավ այն մակարդակի, որտեղ հնարավոր եղան այն իրադարձությունները նաև, որ եղան, և եղավ անցնցում իշխանության փոխանցում, որը բացառիկ է մեր ողջ տարածաշրջանի համար։ Իսկ Դուք ուզում եք անպայման մատնանշեք ընդամենը մի բան, որը, Ձեր կարծիքով, մեզ թույլ է ցույց տալիս։ Մեր փորձը շատ մեծ է և տնտեսության մեջ, ուզում եմ Ձեզ պատմել մեր փորձի մասին տնտեսության ոլորտում։
«Ազատություն». - Ես մարդու իրավունքների մասին եմ ուզում հարցնել․ խորհրդարանում պետք է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվել, հիմա ես մի օրինակ եմ բերում՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, օրինակ, Դուք «տոնածառի գո՞րծն» եք վկայակոչելու, «Հաց բերողի» մա՞հը, կամ քաղաքական գործիչների բանտարկություննե՞րը։
Սարգսյան. - Չէ, Դուք երևում է ոչ մի բան տենց էլ չեք հասկանում, երբ որ նայում եք Ձեր շուրջ։ Ես կարծում եմ, որ Դուք ուղղակի ունեք շատ կանխամտածված դիրքորոշում։
«Ազատություն». - Սրանք փաստեր են, պարոն Սարգսյան։
Սարգսյան. - Դրանք փաստեր չեն, դրանք մեծ կտավից պոկված առանձին շտրիխներ են։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.