«Ամառը Ջաջուռում» վերնագրված կտավը կանադահային վաճառվել է իբրև Մինաս Ավետիսյանի վրձնի գործ

Կանադահայ արվեստասեր Արտո Թավուկչյանին «Ամառը Ջաջուռում» վերնագրված կտավը վաճառվել է իբրև նշանավոր նկարիչ Մինասի վրձնի գործ:

Կանադահայը կտավի ձեռքբերումը կհամարեր իր երազանքի իրականացումը, եթե չհանդիպեր մշակույթի նախարարության մշակութային արժեքների փորձագիտական Կենտրոնի ղեկավար Լիլիթ Սարգսյանին: Կենտրոնը մեկ ամիս առաջ կտավը հետազոտել է և եզրակացրել, որ այն Մինասի վրձնին չի պատկանում: Կեղծ է:

«Արտո Թավուկչյանը, ով կանխավճար էր վճարել գործի սեփականատիրոջը հետագայում գնելու և տանելու նպատակով, ցանկացավ, որ ևս մեկ լրացուցիչ փորձաքննություն անցկացնենք մենք: Եվ մենք փաստորեն կանխեցինք այդ գործարքը», - ասաց Լիլիթ Սարգսյանը:

Մինչդեռ երկու տարի առաջ այս կտավի վերաբերյալ բոլորովին հակառակ եզրակացություն է տվել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի մշակութաբանական փորձաքննության բաժինը․ փաստաթղթով հաստատել են, որ «Ամառը Ջաջուռում» վերնագրված եւ 1961-ին թվագրված կտավի հեղինակը նշանավոր նկարիչն է:

Սարգսյանն ասաց․ - «Փորձաքննությունների ազգային բյուրոն տիրապետում է բավական թանկարժեք և կարևոր սարքավորումների, որոնք, ցավոք սրտի, ունենք մենք: Դրա փոխարեն մենք ունենք փորձառու մասնագետներ, որոնց աչքից չէր կարող վրիպել, որ սա Մինաս Ավետիսյան չի»:

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի մշակութաբանական փորձաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Ավանեսովը «Ազատության» հետ հեռախոսազրույցում վերահաստատեց իրենց կենտրոնի նախկին եզրակացությունը․ - «Իրենք իմ կոլեգաներն են, ես ուրիշ բան չեմ կարա ասեմ: Դա իրենց սահմանադրական իրավունքն ա՝ տալ եզրակացություն, ինչպես իրենք են գտնում: Բայց եթե ընտանիքի անդամը ասում ա՝ էս նկարը ես հիշում եմ, սա մեր տանն ա: Եթե բազմաթիվ մասնագետներ պնդում են, մեր մոտ արվում ա գործիքային փորձաքննություն՝ դա Մինաս Ավետիսյան ա, իրանց ասածը իմ համար հիմք չի: Դա իրանց սուբյեկտիվ կարծիքն ա:

Ավանեսովի փաստարկներից մեկն էլ այն է, որ նկարչի որդին՝ Նարեկ Ավետիսյանը նույնպես հաստատել է, որ կտավը Մինասի աշխատանքն է․ - «Նույնը պնդում ա Մինասի որդին՝ Նարեկը, նույնը՝ Շահեն Խաչատրյանը․․․ Իրանք են սխալ, ոչ թե մենք

Ավանեսովին գործընկերների մեղադրանքները չեն հետաքրքրում: Նա ասաց, որ պատասխան քայլերի չի պատրաստվում:

Իսկ Լիլիթ Սարգսյանը խոստանում է հետևողական լինել․ կեղծ կտավի բացահայտման գործը իրավական ընթացք կստանա: Նրա գնահատմամբ՝ Մինասին վերագրված կտավի արժեքը մոտավորապես 20-25 հազար դոլար է․ - «Իհարկե պետք է ենթադրել, որ այստեղ մենք գործ ունենք կոռուպցիոն ռիսկերի հետ: Ես չեմ կարող դա փաստել, իհարկե: Եվ դա բնավ մեր իրավասությունը և նպատակը չի․ դրանով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները: Սակայն քանի որ բնականոն հարց է դրվում, ապա ուրիշ ինչպե՞ս բացատրել այս երևույթը»:

Իսկ մինչ այդ խաբված գնորդն արդեն իրավական գործընթաց է սկսել վճարված կանխավճարը վերադարձնելու ուղղությամբ: Նա Հայաստանից մեկնել է դատարկաձեռն և հիասթափության մասին ի լուր ածխարհի հայտնել Ֆեյսբուքում․ - «Իմ երզանքն էր ունենալ Մինասի նկարներից, սակայն, ցավոք, հանդիպեցի մի խարդախի, որի անունն ու նկարը շուտով կհրապարակեմ»։

Կտավի վաճառողն էլ է հայտնի: Լիլիթ Սարգսյանն ասաց իրավունք չունի անունն առայժմ հրապարակելու: