«Երալաշ»-ի Բորիս Գրաչևսկին չի կարողացել մտնել Վրաստան

Թբիլիսիի օդանավակայանի շենքը

Ռուսական «Երալաշ» մանկական կինոհանդեսի հիմնադիր, գլխավոր խմբագիր Բորիս Գրաչևսկին, ինչպես նաև հանդեսի պրոդյուսերն ու ռեժիսորը չեն կարողացել մտնել Վրաստան: Թբիլիսիի օդանավակայանում վրաց սահմանապահները նրանց չեն թույլատրել հատել պետական սահմանային անցակետը: Թբիլիսիում նրանք պետք է մասնակցեին «Ժամադրություն Ռուսաստանի հետ» կինոփառատոնին, բայց նրանց հետ են ուղարկել Մոսկվա: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությանը:

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության տեղեկություններով՝ Բորիս Գրաչևսկին նախկինում այցելել էր Աբխազիա: Թբիլիսին Աբխազիան համարում է Վրաստանի օկուպացված տարածք և պահանջում է, որ դեպի Աբխազիա այցերը կատարվեն Թբիլիսիի թույլտվությամբ, հակառակ դեպքում դա համարվում է օրենքի խախտում:

Ռուսաստանը Աբխազիան ճանաչել է որպես անկախ պետություն: