Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը նոյեմբերի 26-ից մեկնարկող նախընտրական քարոզարշավն իրականացնելու են «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն» կարգախոսի ներքո:
Ուշագրավ է, որ ավելի վաղ քննարկվում էր «Նիկոլ վարչապետ» կարգախոսը, ինչի մասին հայտարարել էին «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները: Սակայն ի վերջո որոշում կայացվեց հրաժարվել այդ կարգախոսից, ինչն ի դեպ հանրության քննադատությանն էր արժանացել:
«Կարգախոսը որոշվեց՝ «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն»: Այդ կարգախոսը բոլորովին նոր չէ, այն տարիներ շարունակ եղել է «Քաղաքացիական պայմանագիր» ծրագրում, և ես ուրախ եմ, որ հնարավորություն կա այժմ այդ կարգախոսը ներկայացնել ընտրարշավի ընթացքում», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՔՊ ղեկավար անդամ Լենա Նազարյանը:
Անդրադառնալով «Նիկոլ վարչապետ» կարգախոսի շուրջ խոսակցություններին՝ Նազարյանն ասաց․ - «Գուցե դա քննարկվել է որպես տարբերակ, բայց մենք ներկայացրել ենք այն կարգախոսը, որը պաշտոնապես հաստատվել է»:
6 ամիս առաջ իշխանությունից զրկված Հանրապետական կուսակցությունը դեռևս չի հրապարակում իր նախընտրական կարգախոսը: Ինչպես «Ազատության» հետ զրույցում նշեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, այն լինելու է «ընդդիմադիր ուժին հարիր կարգախոս»․ - «Կարգախոսը շուտով դուք կտեսնեք, կլինի ընդդիմադիր կարգախոս: Դրա մասին մենք հիմա քննարկում ենք, և երկու օրվա ընթացքում այդ կարգախոսը կհրապարակվի»:
Ի դեպ, Բաղդասարյանը վստահ է, թե Հանրապետականի նկատմամբ հանրության շրջանում մեծ հետաքրքրություն կա: Եվ չնայած այս հանգամանքին՝ նախկին իշխող ուժը իր քարոզարշավը ավելի շատ մամուլի միջոցով կիրականացնի:
«Ազատություն»․ - Դուք ինչպե՞ս եք գնահատում Հանրապետականի շանսերը այս պահի դրությամբ, մոտավորապես ինչպիսի՞ ներկայացվածություն կունենաք խորհրդարանում:
Բաղդասարյան․ - Շանսերը գնահատում ենք բավարար: Ամեն ինչ կախված է մարտավարությունից և քարոզարշավից: Իհարկե, եթե դա կարելի է քարոզարշավ համարել՝ 10-12 օրը: Նման ընտրությունների համար 12 օրը քարոզարշավ չի կարելի համարել: Պարզապես պետք է ճիշտ մարտավարություն ընտրել, թե ոնց օպտիմալ օգտագործել: Եվ դրա գնահատականն էլ տա հանրությունը»:
«Ազատություն»․ - Ժողովրդի հետ հանդիպելո՞ւ եք:
Բաղդասարյան․ - Ինձ թվում է, որ դա կարող է այդքան էլ արդյունավետ չլինի, պետք է ավելի շատ օգտագործվի մամուլը, հեռուստատեսությունը․․․ այդ ձևերով, ինձ թվում է, պետք է քարոզարշավը տարվի: Հակառակ դեպքում կարող է տարբեր․․․ ինչպես հիմա մոդա է՝ սևեր, սպիտակներ և այլն․․․
«Ազատություն»․ - Գուցե մտավախություն ունեք, որ հանրությունը ձեզ այնքան էլ բարյացակամ չի դիմավորի:
Բաղդասարյան․ - Եթե Դուք դրա մասին եք մտածում, ամեն երեկո ինձ կարող եք տեսնել քայլելիս օր:
«Ազատություն»․ - Նկատի ունեմ, ձեր հավաքներին մարդիկ չեն գա․․․
Բաղդասարյան․ - Դրա համար մի անհանգստացեք: Ընդհակառակը, հիմա հետաքրքրությունն ավելի շատ է, ավելի շատ կգան այդ հավաքներին:
«Ազատություն»․ - Եթե չհայտնվեք խորհրդարանում, ի՞նչ է անելու Հանրապետականը:
Բաղդասարյան․ - Արտախորհրդարանական քաղաքական ուժ: Մի անհանգստացեք դրա համար: Մեզ համար գերագույն նպատակ չէ, կենաց և մահու կռիվ չէ: Դա կլինի մեր պետության շահերից: Հանրապետականի մուտքը յոթերորդ գումարման Ազգային ժողով կբխի միայն պետության շահերից: Դրա ականատեսը կլինեք դուք ապագայում»:
Ուշագրավ է, որ Հանրապետականը, որին իշխանության տարիներին բազմիցս են մեղադրել ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսը չարաշահելու մեջ, այսօր նույն մեղադրանքը ներկայացնում է վարչապետի պաշտոնակատարին:
Մասնավորապես, տարածած հայտարարության մեջ անդրադառանալով Փաշինյանի Գեղարքունիք կատարած այցին՝ Հանրապետականը շեշտում է․ - «Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին` պաշտոնական պարտականությունների կատարում հանդիսացող աշխատանքային այցի շրջանակներում, ինստիտուցիոնալ բոլոր ռեսուրսների օգտագործմամբ: Գեղարքունիքի մարզ կատարած իր աշխատանքային այցի ժամանակ ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը բոլոր միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է»:
Այսօր արձագանքելով այդ մեղադրանքին՝ Լենա Նազարյանը հակադարձեց, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, իսկ եթե Հանրապետականը ցանկանում է, թող իրենք էլ հանրահավաքներ կազմակերպեն և հանդիպումներ ունենան ժողովրդի հետ:
«Վարչական ռեսուրսի չարաշահման մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ մի թեկնածուն կարող է անել մի բան, իսկ ուրիշ թեկնածուն չի կարող անել մի բան: Ոչ մեկ նրանց չի խանգարում գնալ Գեղարքունիքի մարզ կամ ուրիշ մարզ, հանրահավաքի միջոցով շփվել քաղաքացիների հետ: Այլ բան, որ, կարծում եմ, նրանց մոտ դա չի ստացվի»: