Նոյեմբերի 21-ին կայացած քվեարկության արդյունքում Ինտերպոլի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Քիմ Յոնգ Յանը ընտրվել է կառույցի նախագահ:
Այս մասին տեղեկացրել է Ինտերպոլի պաշտոնական էջը Թվիթերում:
Կառույցի նոր նախագահի ընտրության հարցն օրակարգում հայտնվեց, երբ նախորդ ղեկավարը՝ Մենգ Հոնգվեյը կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավված լինելու կասկածանքով ձերբակալվեց Չինաստանում, որտեղ նախկինում զբաղեցնում էր այդ երկրի Հանրային անվտանգության փոխնախարարի պաշտոնը:
Ինտերպոլի նոր ղեկավարի պաշտոնում առաջադրված Քիմ Յոնգ Յանից բացի առաջադրվել էր ռուսաստանցի 56-ամյա գեներալ Ալեքսանդր Պրոկոպչուկը, ով զբաղեցնում է Ինտերպոլի ղեկավարի տեղակալի պաշտոնը։
Վերջինիս թեկնածությունը կրքեր է բորբոքել. միջազգային հանրությունը՝ իրավապաշտպան կազմակերպություններ, քաղաքական գործիչներ, կոչ էին արել կանխել աշխարհի ամենաազդեցիկ միջազգային իրավապահ կառույցի ղեկավարի պաշտոնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորներից համարվող Պրոկոպչուկի հնարավոր ընտրությունը։