Թիվ 4 ընտրատարածքում թեժ պայքար է սպասվում

Մանե Թանդիլյանը դեկտեմբերի 9-ին ռեյտինգային ընտրակարգով կպայքարի 4-րդ ընտրատարածքում: Այս ընտրատարածքը ընդգրկում է Կենտրոն, Էրեբունի, Նուրաբարաշեն, Նորք-Մարաշ համայնքները: 2017-ի խորհրդարանական ընտրություններում Թանդիլյանը 1-ին՝ Ավան-Նոր Նորք ընտրատարածքից ընտրված միակ կին թեկնածուն էր: Ստացել էր ավելի քան 5 հազար քվե:

«Ես հուսով եմ, որ ես ինձ հետ բերել եմ կին քաղաքական գործիչի նոր որակ։ Կարող է մի քիչ անհամեստ է թվում, բայց ես կարծում եմ, որ մեր քաղաքացիները պետք է տեսնեն, որ քաղաքական գործիչը չպետք է ունենա այսպես կին է, տղամարդ է, այլ պետք է լինի որակյալ», - ասաց Մանե Թանդիլյանը։

«Լուսավոր Հայաստան»-ի ընտրական ցուցակի 2-րդ տեղում գտնվող Թանդիլյանը չի կասկածում, որ հանրության շրջանում վարկանիշով առաջատարը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքն է, բայց հավասար պայքարում իրենց հաղթանակն էլ անխուսափելի է համարում: Հետհեղափոխական կառավարության նախկին անդամը հենց դրանով է բացատրում նախընտրական փուլում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մանդատից հրաժարվելը:

«Այսօր սկսում ենք քաղաքական նոր էջ, և մեր քաղաքացիները պետք է իմանան, որ ես ներկայացնում եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ով այս ընտրություններին մասնակցում է առանձին ցուցակով, և այդ խաբկանքը և թյուրիմացությունը չստեղծելու համար մեր քաղաքացիները նաև պետք է իմանան, որ եթե հավանել են իմ աշխատանքը որպես պատգամավոր, որպես նախարար, ունեն հնարավորություն ինձ տալու իրենց քվեն։ Այո, ես ուզում եմ մարդկանց մոտ խաբկանք չլինի, այսօր ես պաշտոնաթող նախարար եմ», - նշեց Թանդիլյանը։

Այս ընտրատարածքում առաջին անգամ իր ուժերն է փորձելու նախկին իշխանական կուսակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը: Նա 2009 թվականից պատգամավոր է դարձել ՀՀԿ-ի համամասնական ցուցակով:

«Այն առումով է մի քիչ անակնկալ, որ երբևիցե այս ընտրակարգով չեմ առաջադրվել, բայց մշտապես քարոզարշավներին մասնակցել եմ շատ ակտիվ։ Ես կարծում եմ, որ մենք մեր ընտրողներն ունենք, մեր համակիրները, որոնք այնուամենայնիվ Հանրապետականին են իրենց ձայնը տալու», - ասաց Կարինե Աճեմյանը։

Աճեմյանի հետ այս տարածքում մրցակցող ՀՀԿ-ականների թվում է նաև կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Վերջինս օրեր առաջ Ազգային ժողովի ամբիոնից արդեն կանխորոշել էր ընտրության ելքը հօգուտ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի: Եթե մրցակցի անգամ Փաշինյանի սելֆիի ձողի հետ, պարտվելու է, խոսոտավնել էր ՀՀԿ-ականը:

Մինչդեռ Կարինե Աճեմյանը վստահեցնում է, որ ժողովրդի ճնշմամբ ամիսներ առաջ իշխանությունից հեռացած Հանրապետականի վերադարձը ցանկացողների թվում շարքային քաղաքացիներ էլ կան․ - «Այն, որ բաժանվեց մասերի հասարակությունը, ովքեր ուզում են Նիկոլ Փաշինյանին տեսնել վարչապետ և ովքեր չեն ուզում։ Այն մարդիկ, ովքեր տեսնում են բոլոր սխալները, տեսնում են, թե մեր երկիրը, որ ուղղությամբ է շարժվում, նրանք մտահոգված են և անպայման ուզում են մեզ տեսնել խորհրդարանում», - ընդգծեց Աճեմյանը։

Այս ընտրատարծքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պայքարողների թվում է կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Նախորդ ընտրություններում Էնֆիաջյանը ընտրվեց ԲՀԿ համամասնական ցուցակով, իսկ ռեյտինգայինով ստացել էր ավելի քան 3 հազար քվե:

Դաշնակցության թեկնածուների թվում է Կրթության և գիտության նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը: Նա երկրորդ անգամ է այս ընտրատարածքում ռեյտինգային կարգով պայքարելու: Նախորդ ընտրություններում մոտ 300 ձայն էր ստացել: Այս անգամ կարող է այլ պատկեր արձանագրվել, ի վերջո նախորդ իշխանության օրոք գործող խոչընդոտները չեն լինելու, ասում է ՀՅԴ ռեյտինգային թեկնածուն՝ շարունակելով․ - «Ինչ վերաբերում է այս ընտրություններին, ասեմ՝ խոչընդոտները և մեր գնահատականում արձանագրվածը՝ ընտրակաշառքը հիմնականում, թաղային հեղինակություններ ազդեցությունը, որ եղել է և այդ պայմաններում է այդ հսկայական թվով ձայները հավաքվել, կարծում եմ այս անգամ չի լինելու և բնականաբար, շատ ավելի լայն հնարավորություն է ստեղծվելու քաղաքական ուժերի աշխատանքի համար»։

4-րդ ընտրատարածքում «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների «Մենք» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից է սոցիոլոգ Կարեն Սարգսյանը: Նա կարծում է, որ այս ընտրատարածքում ունի այնքան գաղափարակից, որ պատգամավորի մանդատ ստանա:

«Սասնա ծռերից» այստեղ պայքարողների թվում է Արեգ Կյուրեղյանը: Նա հանրությանը հայտնի է 2016-ի հուլիսյան դեպքերից, երբ «Սասնա ծռեր» խումբը գրավել էր ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը: Մոտ երկու տարի անազատության մեջ անցկացրած Կյուրեղյանը գիտի, թե ինչու պետք է ընտրեն «Սասան ծռերին». - «Ընդհանրապես, եթե նայենք «Սասնա ծռեր» էպոսում կա միդրվագ, որտեղ երբ Մելիքը գալիս, գրավում է Սասունը, ողջ Սասունը թրի տակով անցկացնում է, միայն Սասունցի Դավիթը չի անցնում: Եվ ինչ է ասում այդ ժամանակ Մելիքը՝ «Էս օրը հիշեք, եթե մի օր իմ գլխին փորձանք գա, սրանից կգա»։ Հիմա «Սասնա ծռերը» այն ուժն են, որ երբեք ոչ մեկի թրի տակով չեն անցել, և պատմությունը ցույց է տալիս, որ այն ուժն է իր ժողովրդի շահերից գործում և երկրի բարօրության համար այն ուժն է օգտակար, որը երբեք ոչ մեկի թրի տակով չի անցել և գործելու է բացառապես հայ ժողովրդի շահերից և ոչ թե մելիքների»,:

Գործող իշխանության «Իմ քայլը» դաշինքից այստեղ առաջադրված թեկնածուների թվում են Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: