ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում նոր թղթադրամներ

Կենտրոնական բանկը (ԿԲ) շրջանառության մեջ է դնում նոր թղթադրամներ։ 1000 դրամի վրա պատկերված է Պարույր Սևակը, 2000 դրամի վրա՝ Տիգրան Պետրոսյանը, 5000 դրամի վրա՝ Վիլյամ Սարոյանը, 10 հազար դրամի վրա՝ Կոմիտասը, 20 հազար դրամի վրա՝ Հովհաննես Այվազովսկին, 50 հազար դրամի վրա՝ Գրիգոր Լուսավորիչը:

«Մենք շրջանառության մեջ ենք դնելու երեք անվանական արժեքով թղթադրամ՝ 10 հազար, 20 հազար, 50 հազար անվանական արժեքով թղթադրամները, իսկ 1000, 2000, 5000 անվանական արժեքով թղթադրամները շրջանառության մեջ կլինեն դեկտեմբերի 25-ին», - այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը։

Նահապետյանը նշեց, որ նոր թղթադրամները շրջանառվելու են գործող թղթադրամներին զուգահեռ։

«Երկրորդ սերնդի թղթադրամները զուգահեռ շրջանառվելու են, որևէ սահմանափակում Կենտրոնական բանկի կողմից չկա, և մեր քաղաքացիները կարող են այդ առումով անհոգ լինել և անժամկետ կարող են օգտագործել երկրորդ սերնդի թղթադրամներն այնքան ժամանակ, որքան որ դրանք իրենց բնական մաշվածությամբ դուրս չեն բերվի շրջանառությունից։ Որոշակի տեխնիկական և ծրագրային փոփոխություններ պետք է կատարվեն, որից հետո նոր հնարավոր կլինի նոր թղթադրամներով տերմինալներից վճարումներ կատարել, բայց այդ խնդիրը շատ արագ կլուծվի», - ասաց Նահապետյանը։