Բացառվում է, որ առանց մարդկանց համաձայնության հարկային բեռ ավելացվի։ Այդ մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։
Նա նշել է, որ քննարկվող գաղափարը ոչ թե հարկումն է, այլ՝ հայտարարագրումը։
«Սիրելիներս, հարգելիներս, այ ձեր ցավը տանեմ, կարող եք իհարկե շարունակել քննադատել (միտումնավոր մանիպուլացնելով, թե իսկապես հարցի մեջ մի փոքր անգամ չխորանալով՝ էական չի), բայց ախր ինչքան հնարավոր է պարզ եմ ասել՝ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է, որ առանց մարդկանց համաձայնության հարկային բեռ ավելացվի, ախր էլ ոնց ասեմ )))
Իսկ քննարկվող գաղափարը հայտարարագրումն է, ոչ թե հարկումը։ Ու ստեղ ամենակարևորը՝ հայտարարագրման ժամանակ հեչ պարտադիր չի, որ հայտարարագրված գումարը հարկվի», - գրել է Միրզոյանը։
Անցած շաբաթ Հանրային ռադիոն հաղորդել էր, որ «ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել նոր գաղափար, ըստ որի՝ 2020-ից եկամտային հարկի պոտենցիալ վճարող են դառնալու 18-65 տարեկան Հայաստանի բոլոր քաղաքացիները»: Լրատվամիջոցի հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասել էր, թե «պոտենցիալ հարկ վճարող լինելու են ոչ միայն դրսից եկամուտ ստացողները, այլ 18-65 տարեկան բոլոր քաղաքացիները, ովքեր ցանկացած եղանակով ստանում են եկամուտ»:
Թեման երեկ լայնորեն քննարկվում էր ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում։
Երեկ կառավարության արտահերթ նիստում առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը վստահեցրեց, որ առանց լայն հանրային քննարկման որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու:
«Զանազան գաղափարներ կարող են քննարկվել: Ընդ որում՝ քննարկումները կարող են հաճախ աղավաղվել և մեկնաբանվել ոչ այնպես, ինչպես կա: Դրանք կարող են չարժանանալ մարդկանց հավանությանը, բայց դրանք միայն հանրային համաձայնության ներքո կարող են իրականություն դառնալ», - ասաց Միրզոյանը՝ հավելելով․ - «Եթե այս գաղափարը կյանքի կոչվի, պիտի բացառվի որևէ կրկնակի հարկումը: Մինչ այդ մենք պետք է հասկանանք՝ որքանով է Հայաստանը պատրաստ դրան»:
Երեկ պարզաբանում տարածեց նաև ՊԵԿ-ը՝ նշելով, որ «նախքան նախագծի ներդրումն՝ այն պետք է դրվի հանրային լայն քննարկման, ինչի ընթացքում վեր կհանվեն խնդրի դրական և բացասական կողմերը»:
«Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա որևէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ», - վստահեցրեց ՊԵԿ-ը։