«Նախարարի կարգավիճակով ձայներ հավաքելն ավելի հեշտ է, բայց ուզում եմ, որ քաղաքացիները խաբկանքի չտրվեն». Թանդիլյան

Մանե Թանդիլյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարի պաշտոնից ազատվելու դիմումն արդեն ներկայացրել է և փաստացի, ֆիզիկապես արդեն աշխատանքի չի գնում։ Այդ մասին Թանդիլյանը ասաց «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ, նշելով՝ կան տեխնիկական հարցեր, որ իր գործընկերներն իր հետ դեռ պարզաբանում, ճշտում են։

«Բայց դիմումը ներկայացված է հրաժարականի, և այլևս նախարարի պաշտոնակատար չեմ», - նշեց Թանդիլյանը։

Խոսելով իր հրաժարականի անհրաժեշտության մասին, Թանդիլյանը պարզաբանեց՝ նախարարի կարգավիճակով ձայներ հավաքելն ավելի հեշտ է, բայց ուզում է, որ «քաղաքացիները խաբկանքի չտրվեն»։

«Պետք է բոլորս կարողանանք ճիշտ դիրքավորվել։ Ակնհայտ է, որ, այո, նախարարական կարգավիճակով ձայներ հավաքելն ավելի հեշտ է, բայց ես ուզում եմ, որ մեր քաղաքացիները խաբկանքի չտրվեն և իմանան, որ ես ներկայացնում եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որն Ազգային ժողովի այս ընտրություններում մասնակցում է առանձին ցուցակով, և, հետևաբար, ես՝ լինելով իշխանական ուժ ընդդիմադիր օրակարգով, հանդիսանում եմ առանձին կուսակցության անդամ, որը նշանակում է, որ նոր էջից քաղաքական ուժերը մտնում են պայքարի մեջ, և մարդիկ պետք է իմանան, թե ով որ կուսակցությունից է, և խաբկանք չլինի, որ նախարարը կառավարության անդամ լինելով, ապա ինչպե՞ս է այդ դեպքում այլ կուսակցությունից, կամ այլ ձևաչափով մասնակցում», - ասաց Թանդիլյանը։

Հարցին, թե վարչական լծակի օգտագործման պահը կա՞ր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը պատասխանեց. - «Վարչական լծակի հնարավորություն իհարկե կա, երբ որ դու նախարար ես, քանզի նաև հոգեբանորեն, եթե այլ բան չասեմ, քաղաքացիներն ընտրում են նախարարի այլ կերպ, քան թե պաշտոնաթող նախարարի կամ ուղղակի պատգամավորության թեկնածուի»։

Մանե Թանդիլյանը նշեց՝ ապագա խորհրդարանում ակնհայտորեն առաջին ուժը չեն լինելու, և դա, ըստ նրա, արդարացի է։

«Ակնհայտորեն մենք առաջին ուժը չենք լինելու, մեծամասնություն չենք լինելու, և դա արդարացի է, բայց մենք վստահ ենք, որ քաղաքացիները տեսնելու են «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներուժը, տեսնելու են այն թիմը, պոտենցիալը, որ ունի այս կուսակցությունը և վստահության մեծ քվեի է արժանանալու այս ընտրություններում», - ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը։

Հարցին, թե հնարավո՞ր է՝ ընտրություններից հետո կոալիցիա կազմեն առաջին ուժի հետ, և ինքը կրկին վերադառնա նախարարություն, Թանդիլյանը պատասխանեց. - «Ես չեմ կարծում, որ իշխանական ուժը դրա անհրաժեշտությունն ունենա։ Կձևավորեն իշխանությունը, կառավարությունը՝ սեփական ուժերով և, հետևաբար, մեր աջակցության անհրաժեշտությունն այս ձևաչափում չի լինի»։

Մեկ այլ հարցի՝ եթե «Լուսավոր Հայաստան»-ը չանցնի՞ ընտրություններում, և Փաշինյանից առաջա՞րկ լինի վերադառնալ թիմ, Թանդիլյանը պատասխանեց. - «Ես բացառում եմ «Լուսավոր Հայաստան»-ի չանցնելը»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․