Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) պարզաբանում է տարածել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ:
Նշելով, որ ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման թեման լայնորեն քննարկվում է ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում, ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը «անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ նախքան նախագծի ներդրումն՝ այն պետք է դրվի հանրային լայն քննարկման, ինչի ընթացքում վեր կհանվեն խնդրի դրական և բացասական կողմերը»:
«Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա որևէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ», - վստահեցնում է ՊԵԿ-ը՝ շարունակելով․ - «Իսկ ԶԼՄ-ին տված հարցազրույցում ՊԵԿ նախագահի պատասխանը բխել է ռեզիդենտների ստացած եկամուտների հարկման ընդհանուր սկզբունքներից (ՀՀ և արտասահմանյան աղբյուրներից ստացված եկամուտներ), սակայն դա չի նշանակում, որ նրանց եկամուտները ենթակա են լինելու հարկման կամ նման նախագիծ է քննարկվում»:
Տվյալ թեմային այսօր կառավարության արտահերթ նիստի ժամանակ անդրադարձել է նաև առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ վստահեցնելով, որ առանց լայն հանրային քննարկման որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու:
«Զանազան գաղափարներ կարող են քննարկվել: Ընդ որում՝ քննարկումները կարող են հաճախ աղավաղվել և մեկնաբանվել ոչ այնպես, ինչպես կա: Դրանք կարող են չարժանանալ մարդկանց հավանությանը, բայց դրանք միայն հանրային համաձայնության ներքո կարող են իրականություն դառնալ», - ասել է Միրզոյանը՝ հավելելով․ - «Եթե այս գաղափարը կյանքի կոչվի, պիտի բացառվի որևէ կրկնակի հարկումը: Մինչ այդ մենք պետք է հասկանանք՝ որքանով է Հայաստանը պատրաստ դրան»:
Անցած շաբաթ Հանրային ռադիոն հաղորդել էր՝ «ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել նոր գաղափար, ըստ որի՝ 2020-ից եկամտային հարկի պոտենցիալ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները»: «Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը՝ ըստ ՊԵԿ-ի» վերնագրված նույն հրապարակման մեջ հարցազրույց է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ, ով ասել է, մասնավորապես, թե «պոտենցիալ հարկ վճարող լինելու են ոչ միայն դրսից եկամուտ ստացողները, այլ 18-65 տարեկան բոլոր քաղաքացիները, ովքեր ցանկացած եղանակով ստանում են եկամուտ»: