Անկարայում Ադրբեջանի դեսպանությունը արձագանքել է Թուրքիայում հակահայկական գործունեությամբ հայտնի «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» (ASIMDER) կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյի օրերս արած հայտարարությանը, թե թուրքական իշխանությունները տարեկան շուրջ 400 հայկական բեռնատարի արտոնում են օգտվել Տրապիզոնի նավահանգստից, ինչը 600 դոլարով ավելի էժան է, քան վրացական Փոթի նավահանգստից օգտվելը:
Գյուլբեյի պնդմամբ՝ հայկական բեռնատար մեքենաների վարորդները, համապատասխան թույլտվություն, այն է՝ աշխատանքային արտոնագիր ստանալով Թբիլիսիում թուրքական դեսպանատանը, անարգել անցնում են Տրապիզոն և նավահանգիստը օգտագործում միջազգային առևտրային շուկա մտնելու նպատակով:
Գյուլբեյը նաև վրդովմունք է հայտնել, թե չնայած թուրք-հայկական սահմանի փակ լինելուն և Հայաստանի նկատմամբ սահմանված տնտեսական էմբարգոյին՝ «Թուրքիայի և Հայաստանի միջև ամենօրյա չվերթ է գործում, Հայաստանի հազարավոր քաղաքացիներ, տուրիստական խմբեր Վրաստանից և Իրանից ցամաքային ճանապարհով անարգել գալիս են Թուրքիա, երկրում շուրջ 70 հազար հայաստանցի անօրինական ապրում և աշխատում է»:
Թուրքական Habertürk լրատվականում հրապարակված հայտարարությունից հետո Անկարայում Ադրբեջանի դեսպանատունը հանդես է եկել այս պնդումները հերքող պատասխան հաղորդագրությամբ: «Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները առ այն, թե Թուրքիան հայկական բեռնատարներին արտոնություն է տալիս, իրականությանը չեն համապատասխանում: Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատունը Հայաստանի քաղաքացի վարորդներին աշխատանքային վիզա չի տրամադրում, և հայկական համարանիշներով բեռնատար մեքենաները Տրապիզոնի նավահանգստից չեն օգտվում», - ասված է ադրբեջանական դեսպանության պարզաբանման մեջ: