Սոցծառայությունների ոլորտում ամենամեծ բացահայտումը վերաբերում է ղեկավարների պարգևատրումներին. Թանդիլյան

Մանե Թանդիլյան, նոյեմբեր, 2018թ․

Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել սոցիալական ծառայության ոլորտում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով:

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար հրաժարական ներկայացնելուց ժամեր առաջ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն էր Ֆեյսբուքում անդրադարձել սոցիալական ծառայությունների ոլորտում անցկացված ստուգումների արդյունքներին՝ նշելով, որ ամենամեծ բացահայտումը վերաբերում է Սոցիալական ապահովության պետական ծառայությունում ղեկավարներին տրամադրված ընդհանուր առմամբ 55 միլիոն դրամ պարգևատրումներին, որոնք տրամադրվել են օրենսդրության պահանջների խախտմամբ։ Ըստ Թանդիլյանի, այս գումարները պետբյուջե վերադարձնելու պահանջ չկա։

«Ազատության» հետ զրույցում Թանդիլյանն ասաց, քանի որ գործը գտնվում է նախաքննության փուլում, մանրամասներ չի ուզում հրապարակել՝ շարունակելով. - «Գործը կարող էր կոծկվել, ընթացք չունենալ, եթե այդ մասին հաղորդում չլիներ, և հետևաբար, ես հույս ունեմ, որ հանգամանքները կբացահայտվեն, առնվազն, մեղավորները կպատժվեն և գումարները կվերականգնվեն»։

Հարցին, թե արդյո՞ք այս չարաշահումներն առնչվում են նաև նախկին իշխանության ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանը, որն էլ մինչև իշխանափոխությունը ղեկավարում էր Սոցիալական ապահովության պետական ծառայությունը, Թանդիլյանը պատասխանեց. - «Այնտեղ կան բազմաթիվ պաշտոնատար անձիք ներգրավված»։

Հովհաննես Սահակյան այսօր չցանկացավ այդ մասին խոսել։ Ասաց միայն, որ հայտնաբերված չարաշահումը իր ղեկավարման ժամանակաշրջանին չի վերաբերում։ Ըստ Գլխավոր դատախազության, գործը վերաբերում է 2014-2016 թվականներին և 2017-ի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակաշրջանին։ Սահակյանը սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավար է նշանակվել 2017-ի օգոստոսին և ազատվել այդ պաշտոնից 2018-ի հունիսին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրած Մանե Թանդիլյանն այսօր «Ազատության» եթերում նաև հավելեց՝ սպասվում են այլ բացահայտումներ ևս։

«Չարաշահումների և խաբեությունների այդ ամբողջ համակարգը շարունակում է աշխատել, բայց ինձ համար այստեղից տեղեկատվությունը եղել է այն, որ ինչպես անել փակել բոլոր նմանատիպ հնարավորությունները։ Այ սա է, որի մասով ես առաջարկություններ, մտքեր ունեմ, որոնք իրականացնելու պարագայում, առնվազն մենք կկարողանանք նվազեցնել հնարավորությունը դրան տանելու», - հավելեց նա։

Քննչական կոմիտեն օրերս հաղորդեց, որ վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 42 միլիոն դրամը։

«2018 թվականի նոյեմբերի 13-ի դրությամբ քննությունն ավարտված 5 և ընթացքում գտնվող 60 քրեական գործերով պատճառված նյութակն վնասը կազմել է 555 միլիոն 165 հազար 544 դրամ, որից վերականգնվել է 42 միլիոն դրամը։ Պետությանը պատճառված նյութական վնասի վերականգնումն ապահովելու համար կալանքներ են դրվել գործով մեղադրյալների, բանակային 18 հաշիվների, 35 միավոր անշարժ գույքի և ավտոմեքենայի վրա», - ասաց հատկապես կարևոր գործերով քննիչ Մերուժան Գալստյանը։

Միևնույն ժամանակ, մեղադրանք է առաջադրվել Սոցիալական աջակցության տարածքային գործակալության 70, «Հայփոստ» ընկերության 21 և թիվ 1 «Ինտերնատ» ընկերության 3 աշխատակցի: