«Մեր ժամանակ նման սկանդալներ չէին լինում». Վահրամ Բաղդասարյան

Խորհրդարանական ուժերը մտահոգված են ՀԱՊԿ անդամ երկու երկրների՝ Հայաստանի և Բելառուսի միջև ստեղծված իրավիճակով, ընդգծելով՝ լարված հարաբերությունները պետք է կարգավորել:

Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության ղեկավար, ՀՅԴ նախընտրական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը զգուշացնում է՝ այդ լարվածությունից օգտվելու է Ադրբեջանը, ինչն անթույլատրելի է:

«Ընդհանուր առմամբ ես տեսնում եմ, որ կրքերը բորբոքվում են, լարվածությունը մեծանում է, և ՀԱՊԿ-ում, եթե առաջանալու են պրոբլեմներ, դրանից առաջին օգտվողը ոչ թե մենք ենք լինելու, ոչ թե մյուսները, այլ հենց Ադրբեջանն է լինելու։ Եվ ես տեսնում եմ, թե ինչպիսի հրճվանք է արտահայտում Ադրբեջանի նախագահը տարբեր առիթներով էդ թեմայով և, բնականաբար, մեղադրանքի սլաքն ուղղելով Հայաստանի վրա, որ «տեսեք կա պրոբլեմ, կա խնդիր կազմակերպության մեջ, այդ պրոբլեմը Հայաստանն է»։ Մենք իսկապես պետք է շատ նրբանկատ լինենք, շատ հմուտ մտածված քայլեր կատարենք որպեսզի չունենալով այլընտրանքներ, այլ դաշտերում, տանել նրան, որ այնտեղ մեր անդամակցությունը հարվածի տակ դրվի, չեմ կարծում, որ ճիշտ ճանապարհ է», - ասաց Ռուստամյանը։

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ շեշտեց՝ նոր իշխանությունը պետք է նախապես մտածեր այս ամենի մասին՝ երբ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու որոշում էր կայացնում:

Ի դեպ, ըստ Բաղդասարյանի, նման սկանդալային իրավիճակներ, իրենց իշխանության օրոք չէին ստեղծվում:

«Ի սկզբանե բացթողումներ եղել են նաև մեր իշխանությունների կողմից առաջին հերթին, և մենք դրա մասին զգուշացրել էինք, որ Խաչատուրովը ՀԱՊԿ երկրների համաձայնությամբ նշանակված անձ էր, և երբ որ նրա նկատմամբ պետք է քրեական հետապնդում լիներ և գործ հարուցվեր, պետք է կալանավորվեր, այդ ժամանակ, նախապես էթիկայի նորմերից ելնելով և ընդհանրապես, պետք է տեղյակ պահվեր ՀԱՊԿ երկրների ղեկավարներին։ Այդ գործը չի կատարվել, և լարումը, սրումն այդտեղից առաջացավ, և արդեն կանխատեսելի էր, որ մենք կորցնելու ենք այդ տեղը, որովհետև դրա սինդրոմներն արդեն կային, հետևությունները կային նրանց հռետորաբանության, ելույթների մեջ։ Այս լարումը ձեռնտու չէ մեր հետագա քաղաքական քայլերի համար։ Սա կարող է հղի լինել բավականին տհաճ հետևանքներով։ Ինչքան շուտ հարթվեն այս հարաբերությունները, այդ հռետորաբանությանը վերջ դրվի, այնքան իրար շուտ հասկանան, որովհետև վերջիվերջո ՀԱՊԿ-ը մեծ ընտանիք է և մենք այդ ընտանիքի հետ բավականին երկար գործ ունենք անելու», - ասաց Բաղդասարյանը։

«Ազատություն». - Դուք ընդունո՞ւմ եք, որ նաև ձեր իշխանության օրոք ՀԱՊԿ-ում նույնպես կար այդ խնդիրը, որ անվտանգային համակարգում գտնվող նույն երկրները, տվյալ դեպքում՝ Բելառուսը և Ղազախստանը, գործում են ի շահ Ադրբեջանի և ընդդեմ Հայաստանի։

Բաղդասարյան. - Եղել են նման զգացողություններ, համենայն դեպս, որևէ մեկ անգամ մեր իշխանության օրոք նման սկանդալներ չեն եղել, որովհետև դրանք դիվանագիտական բանակցություններ արդյունքում պետք է հարթվեն, ոչ թե մասսայական՝ ամբողջ աշխարհի աչքի առջև պետք է այդ վիճաբանությունները լինեն։ Այսինքն՝ դա արդեն իսկ խարխլում է բարեկամ և ընտանիք հասկացողությունը, որ ՀԱՊԿ-ը մեծ ընտանիք է և բարեկամ երկրներ են։ Բնականաբար, եղել են շատ կոշտ խոսակցություններ, բայց դա եղել է առանձնազրույցներով և դա հարթվել է կարծես, և նմանատիպ ցայտուն երևույթներ մեր իշխանության ժամանակ չի եղել, և կարծես թե մենք որևէ մեկ անգամ չենք ունեցել մի դեպք, որ պարտվողական դիրքորոշում արձանագրած լինենք ՀԱՊԿ-ի հետ բանակցությունների ժամանակ։

«Ազատություն» - Հիմա կա՞ այդ պարտվողական դիրքորոշումը։

Բաղդասարյան. - Հետևենք զարգացումներին։

Ուշագրավ է, որ «Ծառուկյան» խմբակցությունում հորդորում են չսևեռվել Բելառուսից Հայաստանի հասցեին հնչող վիրավորական հայտարարություններ վրա, հատկապես որ, ըստ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի, այսօր Հայաստանում առավել կարևոր իրադարձություններ են տեղի ունենում։

Նկատենք, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտերիմ հարաբերություններ ունի «Բարգավաճ հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:

«Սևեռվել նմանատիպ հայտարարություններին այդքան էլ տեղին չեմ համարում, որովհետև մեր երկրի ներսում այսօրեական քաղաքական կարևորագույն գործընթաց է ըստ էության նախաձեռնվել», - ասաց Էնֆիաջյանը։

«Ազատության» հարցին, թե կարևոր չէ՞, որ ՀԱՊԿ-ում լուրջ խնդիրներ ունի Հայաստանը, «Ծառուկյան» խմբակցության քարտուղարը պատասխանեց. - «Սա միանշանակ կարևոր է, բայց մենք ամբողջ ճեպազրույցի քննարկման թեման չպետք է դարձնենք այլ երկրի ղեկավարի ինչ-որ գնահատական»։