Համաեվրոպական հեռախոսամարաթոնին հանգանակվել է մոտ 1 միլիոն 242 հազար եվրո

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2018»-ի լոգոն

Ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնը: Նոյեմբերի 14-18-ը Եվրոպայի հայությունը հանգանակել է ընդհանուր առմամբ 1 մլն 242 հազար 460 եվրո:

Հեռախոսամարաթոնը մեկնարկել է Մարսելից՝ ընդգրկելով Թուլուզը, Լիոնը, Փարիզը: Այնուհետև ֆոնեթոնի էստաֆետը վերցրել են Շվեյցարիայի, Գերմանիայի, Հունաստանի հայերը: Այս տարի հեռախոսամարաթոնի մասնակիցների թիվը ավելացել է 700-ով՝ հատելով 10 հազարի սահմանը:

Ինչպես հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, հեռախոսամարաթոնի գումարներն ուղղվելու են Տավուշի մարզի գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանը, Արցախում արևային էներգիայի ներդրմանը, նաև Հալեպի հայերի կարիքներին:

Հեռախոսամարաթոն 2018-ի արդյունքում Ֆրանսիայում հանգանակվել է 1 միլիոն 137 հազար 746 եվրո, Գերմանիայում՝ 73 հազար 845 եվրո, Շվեյցարիայում՝ 19 հազար 717 եվրո, Հունաստանում՝ 11 հազար 150 եվրո, փոխանցում է «Հայաստան» հիմնադրամը:

Նոյեմբերի 22-ին կանցկացվի Հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2018»-ը: