Իսրայելի վարչապետը կոչ է անում իր կոալիցիոն գործընկերներին զերծ մնալ արտահերթ ընտրությունների մտքից

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, արխիվ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ է անում իր կոալիցիոն գործընկերներին զերծ մնալ կառավարական ճգնաժամի հրահրումից: «Արտահերթ ընտրությունները աղետ կարող են դառնալ Իսրայելի համար», - հայտարարել է Նեթանյահուն Թել Ավիվում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Հերթական ընտրություններին մնացել է շուրջ մեկ տարի: Իրավիճակում, երբ երկիրը ռազմական գործողությունների մեջ է գտնվում, քաղաքական խաղերով զբաղվելը սխալ է: Պետության անվտանգությունը բարձրագույն արժեք է», - ասում էր Նեթանյահուն:

Իսրայելի վարչապետի դիրքերը թուլացան պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի հրաժարականից հետո: Լիբերմանը պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնը լքեց նոյեմբերի 14-ին` բողոքելով Գազայի հատվածում պաղեստինյան «Համաս» շարժման հետ հրադադար կնքելու Նեթանյահուի որոշման դեմ: