Բելառուսի արտգործնախարարության մամուլի խոսնակ Անատոլի Գլազը այսօր ասել է, թե Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները դեմ են միջազգային հարաբերություններում գոյություն ունեցող արարողակարգի նորմերին և էթիկային:
«Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը հավանաբար իրեն պատկերացնում է միջազգային դատախազ՝ օժտված պատժելու կամ ներելու լիազորություններով», - ի պատասխան բելառուսական կայքերից մեկի հարցի հայտարարել է Գլազը՝ շարունակելով. - «Հավանաբար դա ընդունելի էր ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար, Հայաստանի քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում, բայց միջազգային հարաբերություններում գոյություն ունեն արարողակարգային հստակ նորմեր և էթիկա: Գուցե պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոնները անընդունելի են մեծ քաղաքականությունում: Ափսոս: Հույս ունենք՝ ժամանակի ընթացքում դա կանցնի»:
Մամուլի խոսնակի խոսքերը փոխանցում է Բելառուսի արտգործնախարարության պաշտոնական կայքը:
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը քննադատել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Փաշինյանը մասնավորապես զարմանք է հայտնել, որ Լուկաշենկոն ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել է դռնփակ ֆորմատում տեղի ունեցած քննարկումների մասին:
«Ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից», - ասել է Փաշինյանը։ Ըստ նրա՝ պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը: