Հայաստանը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի տեղի բիզնեսը չտուժի Իրանի դեմ պատժամիջոցներից․ գործարար

Լոռու մարզպետի հանդիպումը գործարարների հետ, Վանաձոր, 17-ը նոյեմբերի, 2018թ․

Եկող տարվա փետրվարին Հայաստանի տարբեր մարզերում տեղի կունենա բիզնես-ֆորում, որը, ըստ կազմակերպիչների, լավագույն հնարավորություններ կստեղծի մարզի գործարարների համար՝ ներկայացնելու իրենց արտադրանքը, ընդլայնելու բիզնեսն ու նոր գործընկերներ գտնելու։

«Իմ քայլը՝ հանուն Լոռու մարզի» ֆորումին նախապատրաստվելու համար Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդիպեց գործարարներին։ Նշեց, որ մի քանի ամսից տեղի ունենալիք ֆորումին մասնակցելու են ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաներ և տեղական ներդրողներ, այլև գործարարներ աշխարհի տարբեր երկրներից:

«Էդ ֆորումը շատ ենք կարևորում, և աշխատանքները արդեն մոտ մեկ ամիս է սկսվել են, և դա փորձելու ենք կազմակերպել բարձր մակարդակի և մեծ սպասելիքներ ունենք դրա հետ կապված», - ասաց մարզպետը:

Գործարարները ներկայացրեցին իրենց հավակնոտ ծրագրերն առաջիկայի համար։

Իրանական «Ռադ Սանե ԱՏՏԻ» ընկերությունը Վանաձորում հիմնել է կոմպոզիտային գազաբալոնների գործարան, որն աշխարհում եզակի բիզնես ծրագրերից է: Արտադրանքի 95 տոկոսն արտահանվելու է: Գործարանը գրեթե պատրաստ է գործարկման, ներկայումս սարքավորումների փորձարկումներ են իրականացվում: Բայց «Ռադ Սանե ԱՏՏԻ»-ի հայաստանյան ընկերության տնօրեն Արայիկ Ասրյանը նշեց՝ ռազմական արդյունաբերությանը և միջազգային ահաբեկչությանը հնարավոր առնչություն ունեցող իրանական ընկերությունների նկատմամբ Միացյալ Նահանգների պատժամիջոցներից հետո հայաստանյան բանկերը սառեցրել են բոլոր իրանցիների հաշիվները՝ անկախ նրանց գործունեության բնույթից։

«Ցանկում կոնկրետ գրած ա, ասենք՝ Հուսեյն, բառ ա տալի՝ էդ ցանկում ա, էսինչ գեներալը, էսինչ գեներալը, մի 30-40 հատ էլ հիմնարկության անուն ա: Ըստ ԱՄՆ-ի, դրանք էն հիմնարկներն են, որոնք ֆինանսավորում են միջազգային տեռորիզմը։ Ու ըստ միջազգային օրենքների՝ ցանկացած բանկ պտի դնի էդ ցուցակը ու ստուգի՝ իրա մոտ կա՞, թե՞ չկա։ Բայց մերոնք, ոնց որ միշտ, բռնում են՝ բոլոր պարսիկներին, ով պարսիկ ա, դնում են ու մինչև վերջ սեղմում են, կտրում են, հետո են հաշվում: Թեկուզ Կենտրոնական բանկը պարզաբանում ա մեր կառավարությանը, որ՝ գիտե՞ք ինչ, մեր բանկերը կարան տենց չանեն, որովհետև ստուգողները գալու են, ըստ էդ ցուցակի համեմատություն անեն, դուք միայն ստուգեք էսպես։ Բայց բանկը ասում ա՝ չէ, ընկեր, Կենտրոնական բանկը հետո գալու ա՝ ուրիշ բան ասի մեզ», - մանրամասնեց Ասրյանը:

Իրանցիների գործընկեր Արայիկ Ասրյանը սա համարում է Հայաստանի կենտրոնական բանկի անհեռատես քաղաքականություն։ Հայաստանի բանկային համակարգում ավելի քան տասը տարվա աշխատանքային փորձ ունեցող գործարարը պնդեց, որ Կենտրոնական բանկը Հայաստանում երբեք չի նպաստել բիզնեսի զարգացմանը և այսօր էլ շարունակում է աշխատել հին մեթոդներով։

Հայաստանում գազաբալոնների արտադրությունը, ամեն դեպքում, շուտով կմեկնարկի։ Մոտ օրերս կբացվի հայ-իրանական համագործակցությամբ կառուցված այս գործարանը, բայց, Արայիկ Ասրյանի համոզմամբ, ստեղծված իրավիճակը կշարունակի խնդիր դառնալ նաև հնարավոր նոր բիզնես ծրագրերի համար, եթե Հայաստանը լուրջ միջոցներ չձեռնարկի։

«Այսինքն, էն որ սպասում էին՝ Պարսկաստանը կլինի սանկցիաների մեջ ու Պարսկաստանից կգան Հայաստանում բիզնես անելու, ուրեմն, մոռացանք իրեք օր առաջվանից սկսած։ Մեր հաշիվներն էլ ա փակված։ Հիմա ես չգիտեմ, ասենք, մեր Կենտրոնական բանկի էս պահվածքից հետո որևիցե պարսիկ փորձի Հայաստան մեկ դոլար գումար բերելու», - ընդգծում է գործարարը:

Նոյեմբերի սկզբին ուժի մեջ մտան Իրանի դեմ Միացյալ Նահանգների սահմանած նոր պատժամիջոցները: Պատժամիջոցների թիրախում են հայտնվել նաև երրորդ երկրների ընկերությունները, որոնք համագործակցում են Իրանի հետ: Վաշինգտոնը որոշակի զիջումների է գնացել` ժամանակավոր բացառություն սահմանելով աշխարհի ութ պետությունների համար, որոնց թվում Հայաստանը չկա: Հայաստանում ամերիկյան դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որ Միացյալ Նահանգների Պետքարտուղարության և գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը նոյեմբերի 15-16-ը Երևանում էր՝ հայաստանյան կառավարության ու բիզնեսի գործընկերների հետ քննության առնելու Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների քաղաքականությունը: Ինչպես ասված է դեսպանատան հաղորդագրությունում, նմանօրինակ այցերի միջոցով աշխարհի տարբեր պետությունների համար հստակեցվում ու պարզաբանվում է ամերիկյան քաղաքականությունը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասով:

Լոռու մարզպետի հետ հանդիպմանը գործարարներն անդրադարձան նաև հարկային բեռի թեթևացման անհրաժեշտությանը, փոքր ու միջին բիզնեսին վերաբերող այլ խնդիրների:

Արայիկ Ասրյանը շեշտեց, որ Հայաստանում գործարարը բոլոր հարկատեսակները միասին մոտ 60 տոկոս հարկ է վճարում։ «Այս պայմաններում մենք չենք կարող աշխատողին նորմալ՝ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ վճարել», - ասաց գործարարը։ «Մեզ հրավիրել է, որ էս գործարանը լիներ Ղազախստանում՝ Նազարբաևը: Ինչ էր առաջարկում՝ գործարանը կառուցում եք, ձեր ծախսը լինում է 20 միլիոն դոլար, անմիջապես առաջի պուսկից հետո 20 միլիոնը վերադարձնում ա ձեզ, գործարանը մնում ա ձեզ, դուք աշխատում եք Ղազախստանում: Նման առաջարկ էղել ա Վրաստանի կողմից: Ինչ եմ ուզում ասեմ՝ էդ սաղ լավ բաները թողել ենք՝ մենք էկել ենք Հայաստան»:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ասաց, որ նշված բոլոր հարցերն իրենց ուշադրության կենտրոնում են և քննարկումների սեղանին։ «Մենք ազատվել ենք մոնոպոլիաներից, չգիտեմ, կռիշաներից, դաբրոներից և այլն, էդ ձև բաներից ազատվել ենք, հիմա գնում ենք առաջ, դուք էս փուլում եք էդ ներդրումը արել, էլի բախվում եք հին խնդիրների հետ, հա՞, օրենսդրական: Բայց էդ փոփոխությունները պիտի արվեն, բնականաբար: Դուք, ասենք, մեկ տարի առաջ եթե նույն պրոցեսներն անեիք, ես վստահ եմ՝ ավելի մեծ պրոբլեմներ կունենայիք», - ընդգծեց Ղուկասյանը:

Ըստ Լոռու մարզպետի՝ կարևոր է, որ բոլորը գործեն օրենքի շրջանակներում, անգամ վատ օրենսդրության պայմաններում։ Վստահեցրեց, որ նոր խորհրդարանը բիզնեսին նպաստող լավագույն բարեփոխումների կգնա։