ԿԸՀ-ն գրանցման փաստաթղթերի անճշտությունները վերացնելու համար երկու օր տրամադրեց երեք կուսակցությունների

ՀՀ ԿԸՀ նիստ, նոյեմբեր, 2018թ․

Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ 48 ժամ ժամանակ է տրվել դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջադրված «Սասնա Ծռեր» համահայկական, «Օրինաց Երկիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին գրանցման համար ներկայացրած փաստաթղթերի անճշտությունները վերացնելու համար: Անճշտությունները վերացնելու համար վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 19-ը՝ ժամը 16-ը:

ԿԸՀ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ նիստի ավարտին հանձնաժողովն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ընտրություններում առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են ընտրություններին առնչվող կազմակերպչական բնույթի մի շարք հարցեր: Կուսակցությունների, դաշինքների ներկայացուցիչների համար պարզաբանվել են նախընտրական քարոզչության կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող ընտրական օրենսդրության կանոնակարգումները, ինչպես նաև հանրային իրազեկման աշխատանքների կազմակերպման սկզբունքները:

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ՝ երկու դաշինք և ինը կուսակցություն: