Լուկաշենկոն և Նազարբաևը ՀԱՊԿ-ում զբաղված են գործակալությամբ․ քաղաքական վերլուծաբան

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները կազմակերպության Աստանայի գագաթնաժողովի ժամանակ, 8-ը նոյեմբերի, 2018թ․

ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական բլո՞կ է, թե՞ սպառնալիք․ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները հենց այս հարցն են բարձրաձայնում։

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում լրագրողների հետ զրույցում վարչապետի պաշտոնակատարը հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի այն հանգամանքը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը ներկայացրել է Ադրբեջանի դեսպանին, պատասխանել է. - «Դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստ է, որտեղ ռազմաքաղաքական դաշինքի ղեկավարները քննարկում են՝ փակ նիստում: Եվ հետևաբար, եթե էդ նիստը փակ է, նշանակում է՝ դա փակ խոսակցություն է դաշնակիցների միջև, և ես զարմացած եմ, որ 30 տարի կամ չգիտեմ քանի տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն էդպիսի քայլ թույլ տալ: Եվ ես իհարկե պիտի պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից՝ մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը»:

Ղազախստանի նախագահը հայտարարել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով պետք է անցնի Բելառուսի ներկայացուցչին։ ՏԱՍՍ լրատվական գործակալության հետ զրույցում այս հայտարարությանը արձագանքել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ նշելով, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին, և դրա համար «մենք ունենք կադրային լավ պոտենցիալ»։

Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց Հայաստանի այս դիրքորոշումը. - «Որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, որովհետև ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ մենք մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք: Քանի դեռ մենք գործընկերության միջավայրում այլ որոշում չենք կայացրել, որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չունի»:

Վերլուծաբանների գնահատմամբ՝ նման խնդիրները ՀԱՊԿ-ում նոր չեն, նոր է Հայաստանի կողմից ընտրված հռետորաբանությունը, ինչը պայմանավորված է նաև Հայաստանի նոր իշխանությունների ունեցած բարձր լեգիտիմությամբ, և ՀԱՊԿ գործընկերները պետք է հաշվի նստեն այդ փաստի հետ, ասում է Հակոբ Բադալյանը:

«Լուկաշենկոն և Նազարբաևը ՀԱՊԿ-ում զբաղված են գործակալությամբ, այսինքն՝ էդ մարդիկ ՀԱՊԿ-ում աշխատում են Ադրբեջանի համար, և էստեղ Ադրբեջանը միայն երևացող կողմն է, ոչ թե դաշինքի շահերից և տրամաբանությունից ելնելով», - «Ազատության» հետ զրույցում ասաց վերլուծաբանը:

Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը հաստատել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև այս հարցը, և երկխոսությունը ՀԱՊԿ բոլոր գործընկերների հետ կշարունակվի մինչև փոխադարձ ըմբռնման հասնելը։

«Ռուսաստանի համար, ես կարծում եմ, նույնպես կարևոր է դնել ՀԱՊԿ-ի էս ռազմաքաղաքական բնույթի հարցը, որովհետև եթե իր ստեղծման ժամանակ Ռուսաստանը դիտարկել է ՀԱՊԿ-ը որպես հետխորհրդային երկրների վրա ազդեցության ինչ-որ լծակ՝ մեծ ուշադրություն չդարձնելով դրա ռազմաքաղաքական դաշինքային բնույթին, այլ առավելապես դիտարկվել է որպես տարբեր երկրների հետ երկկողմ հարաբերության խողովակներից մեկը, հիմա ստեղծվել է մի իրավիճակ՝ աշխարհաքաղաքական, միջազգային տարբեր փոփոխությունների արդյունքում, երբ Ռուսաստանը, մենք տեսնում ենք, որ ինքն է հայտնվել էդ բելառուս-ղազախական աքցանում, և նշվում է, որ էս երկու երկրները փաստացի նաև իրենց մեջ կրում են ՀԱՊԿ-ի ոչ անդամ մի շարք այլ երկրների ազդեցություն, որոնք նրանց միջոցով Ռուսաստանի վրա փորձում են ճնշում գործադրել, այլ հարցեր լուծել և այլն», - ասաց Հակոբ Բադալյանը՝ շեշտելով․ - «Եվ հիմա Ռուսաստանը հայտնվել է իր իսկ ստեղծած դաշինքի ծուղակում՝ թվում է, թե ինքը էդտեղ առաջատարն է, բայց մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ Ռուսաստանն ինքը որոշակի ծուղակի մեջ է: Եվ Հայաստանի պահվածքը էս տեսանկյունից ելք և, էսպես, շնչելու հնարավորություն է նաև Ռուսաստանի համար, որը ինչ-ինչ պատճառներով չի կարող ինքը անմիջապես դնել հարցը Լուկաշենկոյի և Նազարբաևի առաջ»:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, իր հերթին, «Ազատության» հետ զրույցում ընդգծեց․ - «Առանց Ռուսաստանի այս կազմակերպությունների էֆեկտիվությունը չափազանց ցածր կլիներ կամ ընդհանրապես չէր լինի: Հիմա բնական է, որ Ռուսաստանի համար չափազանց կարևոր է, որպեսզի խնդիրները արագ կարգավորվեն և հարցը շուտ լուծվի և անդամ պետությունների մեջ լարվածություն և, այսպես ասենք, ջղաձգումներ չլինեն»:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը , ինչպես հաղորդվեց Աստանայի գագաթնաժողովից հետո, պետք է լուծվի դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք ՀԱՊԿ ղեկավարների հավաքին։ Սուրեն Սարգսյանը չի բացառում, որ այս անգամ ևս հետաձգվի որոշումը:

«Եթե չեմ սխալվում, նախկին իշխանությունների օրոք, Սերժ Սարգսյանի օրոք երկու կամ երեք անգամ նույնիսկ Խաչատուրովին տարան իրենց հետ Մոսկվա կամ հանդիպման վայր և հաստատումը, ըստ էության, ձգձգվեց՝ սկզբում՝ մի քանի ամսով, հետո՝ ևս մեկ անգամ: Բայց այս դեպքում եթե մի փոքր էլ ձգձգվի, խնդիրը կկայանա նրանում, որ արդեն Հայաստանի նախագահության ժամկետը կմոտենա իր ավարտին, և ուղղակի տրամաբանական չի լինի, որպեսզի մի քանի ամսվա համար գլխավոր քարտուղար ՀԱՊԿ-ը ունենա Հայաստանի որպես ներկայացուցիչ», - նշեց քաղաքագետը:

Հայաստանի ընտրած հռետորաբանության մեջ քաղաքագետները ռիսկեր չեն տեսնում, նշում են՝ ավելի վտանգավոր է լռելը, երբ ոտնահարվում են երկրի շահերը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է նոյեմբերի 2-ից։ Մինչ այդ այն զբաղեցնում էր Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, որին պաշտոնական Երևանը վաղաժամ ետ կանչեց «Մարտի 1»-ի գործով մեղադրանք ներկայացնելուց հետո։