ՔԿ․ Կոռուպցիոն գործերով պետությանը պատճառված շուրջ 555 մլն դրամ վնասից վերականգնվել է 42 մլն դրամը

Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում այս տարի նոյեմբերի 13-ի դրությամբ քննությունն ավարտված 5 և քննվող 60 քրեական գործերով պատճառված նյութական վնասի չափը կազմում է 555 միլիոն 165 հազար 544 դրամ, որից վերականգնվել է 42 միլիոն դրամը: Այդ մասին ասված է Քննչական կոմիտեի այսօր հրապարակած հաղորդագությունում:

Քննչական կոմիտեի ստորաբաժանումների վարույթում պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու դեպքերի առթիվ 2018 թվականի ընթացքում հարուցվել է 125 քրեական գործ, որոնցից մի քանիսը միացվել է մեկ վարույթ, նշված է հաղորդագրությունում:

Ըստ Քննչական կոմիտեի՝ պետությանը պատճառված վնասի վերականգնումն ապահովելու համար կալանքներ են դրվել գործով մեղադրյալների 18 բանկային հաշվի, 35 անշարժ գույքի և 6 ավտոմեքենայի վրա:

Մեղադրանք է առաջադրվել Սոցիալական աջակցության տարածքային գործակալության 70, «Հայփոստ» ՓԲ ընկերության 21 և թիվ 1 «Ինտերնատ» ՊՈԱԿ-ի 3 աշխատակցի: Մեկ քրեական գործ ուղարկվել է դատարան: 4 գործով որոշում է կայացվել գործի վարույթը կարճել։ Կարճված քրեական գործերով պատճառված վնասը կազմել է 674 հազար դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է։