Խաղաղության պայմանագիրը Ռուսաստանի և Ճապոնիայի միջև կարող է կնքվել առաջիկա ամիսներին

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սինգապուրում: 14-ը նոյեմբերի, 2018թ

Ռուսաստանյան ու ճապոնական մամուլն այսօր գրում է, թե հնարավոր է, որ արդեն առաջիկա ամիսներին ստորագրվի խաղաղության պայմանագիր Մոսկվայի և Տոկիոյի միջև։

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Ռուսաստան է այցելելու գալիք հունվարի երկրորդ կեսին, բանակցությունների հիմնական հարցը խաղաղության պայմանագիրն է լինելու:

Մինչև այդ Սինձո Աբեն և Վլադիմիր Պուտինը հանդիպելու են նոյեմբերի վերջին Արգենտինայում, որտեղ կայանալու է Մեծ քսանյակի գագաթնաժողովը:

Երկու օր առաջ երկու երկրների ղեկավարներն արդեն բանակցել են այս թեմայով՝ առանց մանրամասներ հրապարակելու: Այսօր ճապոնական մամուլը, հղում անելով կառավարական աղբյուրներին, գրում է, որ նոյեմբերի 13-ին Սինգապուրում կայացած այդ բանակցություններին Աբեն Պուտինին խոստացել է, որ Կուրիլյան կղզիներում չեն լինի ամերիկյան ռազմակայաններ:

Դեռևս սեպտամբերի 12-ին Արևելյան տնտեսական գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր մինչև տարեվերջ առանց նախապայմանի ստորագրել խաղաղության մասին պայմանագիրը: Պաշտոնական Տոկիոն, սակայն, առաջարկը չէր ընդունել՝ պնդելով, որ առանց Կուրիլյան կղզիների հարցի կարգավորման նման պայմանագիր չի ստորագրվի։

Նոյեմբերի 13-ին Սինգապուրում ռուս-ճապոնական բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ինտեսնիվացնել բանակցային գործընթացը Կուրիլյան կղզիների և խաղաղության պայմանագրի շուրջ։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայի դաշնակից Ճապոնիան հրաժարվել էր ԽՍՀՄ-ի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել: Սակայն 10 տարի անց՝ 1956-ին, երկու երկրները ստորագրել են պատերազմի ավարտի մասին հռչակագիր, որում ասված է, որ Մոսկվան կքննարկի Կուրիլյան չորս կղզիներից երկուսի վերադարձը Ճապոնիային՝ եթե կնքվի խաղաղության մասին պայմանագիր երկու երկրների միջև։

Պուտինը նոյեմբերի 13-ին կայացած բանակցություններից հետո հայտատարել էր, որ այս հարցը պահանջում է հավելյալ քննակումներ, քանի որ 1956֊ին ստորագրված փաստաթղթում նշված չէ, թե ինչ պայմաններում Մոկսվան կարող է վերադարձնել այդ կղզիները:

Խնդիրը նաև այն է, որ Ճապոնիայի և Միացյալ Նահանգների միջև գործում է մի պայմանագիր, որի համաձյան Միացյալ Նահանգներն իրավունք ունի ռազմակայաններ տեղադրել նաև Կուրիլյան կղզիներում: Պաշտոնական Տոկիոն, ճապոնական մամուլի համաձայն, Պուտինին խոստացել է կարգավորել այս հարցը: