ՄԱԿ-ը զեկույց կհրապարակի Հայաստանում խաղաղ հավաքների ազատության վերաբերյալ

Հայաստան - 2018 թվականի մայիսի 1-ի հանրահավաքը Երևանի Հանրապետության հրապարակում

Միավորված ազգերի կազմակերպությունն առաջիկայում հատուկ զեկույց կհրապարակի Հայաստանում խաղաղ հավաքների ազատության վերաբերյալ։ Մինչ այդ, Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի հատուկ զեկուցող, մարդու իրավունքների մասնագետ Կելման Նյալեցոսի Վուլեն ներկայացնում է իր դիտարկումները. - «Խաղաղ հավաքների ազատությունը երաշխավորված է ինչպես Հայաստանի Սահմանադրությամբ, այնպես էլ Հավաքների ազատության մասին օրենքով։ Ընդհանուր առմամբ կարելի է նկատել, որ խաղաղ հավաքների անցկացումը Հայաստանում սահմանափակված չէ սկսած հեղափոխությունից հետո, բայց տեղեկացել եմ, որ դրանից առաջ մտահոգվելու լուրջ առիթներ կային»:

ՄԱԿ-ի զեկուցող Վուլեին, այնուամենայնիվ, անհանգստացրել են հասարակության տարբեր շերտերից իրեն հասած այն մտահոգությունները, որ դատական իշխանության հանդեպ Հայաստանում անգամ հեղափոխությունից հետո վստահություն չկա։

«Մարդիկ դեռ հարցականի տակ են առնում դատական համակարգի անկախությունն ու թափանցիկությունը։ Այս խնդիրն ուղղված է կառավարությանը։ Այս նոր Հայաստանում մարդիկ պահանջում են անկախ դատական համակարգ, թույլ տվեք նկատել, որ դատավորները ցանկացած երկրում ազատությունների երաշխավորներ են։ Կարևոր է, որ հանրությունը վստահի դատական համակարգին», - ասաց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը։

Կելման Նյալեցոսի Վուլեի ուշադրությունը գրաված և նրան անհանգստացրած հաջորդ խնդիրը քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածության հարցն է։ Նա նշեց, որ տեղեկացել է՝ Թավշյա հեղափոխության ժամանակ կանանց մասնակցությունը բողոքի ցույցերին շատ մեծ է եղել, բայց նույն պատկերը արտահայտված չէ Հայաստանի կառավարությունում:

«Ուզում եմ շեշտել, որ սա կարևոր է ներառող ժողովրդավարություն ունենալու տեսանկյունից, կանանց ներուժը պետք է օգտագործել այս անցումային ժամանակաշրջանում և դրանից հետո», - նշեց ՄԱԿ-ի զեկուցողը՝ շարունակելով․ - «Կառավարությունը պետք է շտկի այս իրավիճակը, կանայք պետք է ներգրավված լինեն ոչ միայն կառավարությունում, այլև տարածքային կառավարման մարմիններում այս անհամաչափությունը վերացնելու համար»։

ՄԱԿ-ի զեկուցողի կարծիքով՝ Հայաստանում այլ լուրջ մարտահրավերներ ևս կան. օրինակ ՀԿ-ների մասին օրենքում ՊԵԿ-ի նախատեսած փոփոխությունները, որոնք կարող են այս կազմակերպություններին դնել բիզնես ընկերությունների համեմատ ավելի անբարենպաստ իրավիճակում: ՊԵԿ-ը ցանկանում է ծախսերի ու գործունեության վերաբերյալ շատ ավելի մանրամասն հաշվետվություն պահանջել հասարակական կազմակերպություններից, այս առաջարկը դեռ չի արժանացել կառավարության հավանությանը։

Ըստ միջազգային փորձագետի՝ Հայաստանի կառավարության առջև եղած մյուս մարտահրավերը փոքրամասնությունների խմբերին է վերաբերում․ - «Երբ Հայաստանում էի, ես տեղեկացա, որ ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի անցկացումը Հայաստանում չեղարկվեց քանի որ վստահություն չկար, որ մասնակիցները ապահով կլինեին Հայաստանում։ Սա ինձ անհանգստացնող լուրջ հարց է, որը ես բարձրացրել եմ կառավարության անդամների հետ իմ հանդիպումներում, որպեսզի կառավարությունը հետագայում խուսափի նման իրավիճակներից. կառավարության պարտավորությունն է համարժեք քայլեր ձեռնարկել բոլոր փոքրամասնությունների անվտանգությունն ապահովելու համար»: